Երևանում կանցկացվեն Սոցիալական մեդիայի երկօրյա դասընթացներ

Երևանում կանցկացվեն Սոցիալական մեդիայի երկօրյա դասընթացներ

SMG-Yerevan-Horizontal-narrowՕգոստոսի 2-3 Երևանում կանցկացվի սոցիալական մեդիայի երկօրյա դասընթաց, որը կազմակերպված է Social Media Grounds Yerevan հարթակի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի օժանդակությամբ: Դասընթացին դիմել են շուրջ 130 երիտասարդ մասնագետներ, որոնք ներկայացնում են տարբեր ՀԿ-ներ, առևտրական և բարեգործական կազմակերպություններ: Այս մասին itTREND.am-ին տեղեկացրեց Social Media Grounds Yerevan հարթակի հիմնադիր Մարիաննա Վարդանյանը:

«Ինտերնետի զարգացումը վերջին 10 տարիների ընթացքում փոխել է մարդկանց հաղորդակցության ձևը՝ թե միմյանց, թե ապրանքանիշերի և կազմակերպությունների հետ: Շատ երկրներում սոցիալական մեդիան կարևոր դեր է խաղում ժողովրդավարության խթանման գործում: Քաղաքական ու սոցիալական կյանքի շատ ճակատներում, ինչպես նաև ԶԼՄների համար, վեբ 2.0-ը բերեց հսկայական փոփոխություններ՝ բոլորին դարձնելով բովանդակության ստեղծող կամ առնվազն տարածող: Եվ Հայաստանը բացառություն չէ », – նշում  է Մարիաննա Վարդանյանը: 

Crash-Course-Poster-for-Web

Միջոցառման երկու օրերին ինտերնետ մարքեթինգի, սոցիալական մեդիայի, հաղորդակցության և լրագրության հինգ մասնագետներ՝ Արփինե Գրիգորյանը, Գեղամ Վարդանյանը, Մարիաննա Վարդանյանը, Սամվել Մարտիրոսյանը և Սեդա Գրիգորյանը, կներկայացնեն 10 դասընթաց, որոնց մասնակիցները կկարողանան ձեռք բերել հետևյալ հմտությունները.

ա) նախագծել, իրականացնել և գնահատել սոցիալական մեդիայի արշավներ
բ) մշակել Ֆեյսբուքի և Թվիթերի գովազդային արշավներ
գ) ստեղծել կազմակերպության կամ գովազդային արշավի նպատակներին համապատասխան ռազմավարական բովանդակություն
դ) սովորել նոր անվճար գործիքներ՝ վերլուծելու տարբեր սոց-հարթակների տվյալները
ե) իմանալ, թե ինչպես կարելի է հասնել մասնագիտական աճի սոցիալական մեդիայի դաշտում

Social Media Grounds Yerevan հարթակը ստեղծվել է Երևանում սոցիալական մեդիայի և մարքեթինգի մասնագիտական համայնք ձևավորելու, ինչպես նաև առցանց գործիքների ու զարգացումների մասին տեղեկատվություն փոխանակելու նպատակներով: