Նոր հայկական խաղ` համակարգչային և բջջային խաղերի ոլորտում

new gameՍեպտեմբերին համակարգչային և բջջային խաղերի ոլորտը կհամալրվի «Fashion Girl 2» խաղով, որը  նախագծել է հայկական Նեյքո Գեյմզ սկսնակ ընկերությունը: Այս մասին տեղեկանում ենք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից: «Fashion Girl 2»-ում խաղացողը  ստանձնում է մոդելի դեր, կարող է զգեստափոխվել, գնալ գեղեցկության սրահ, դիմահարդարվել, գնումներ կատարել: Տվյալ գործողություններն իրականացնելու համար խաղացողը պետք է հավաքի միավորներ՝ հաղթելով մրցումներում, ճիշտ պատասխանելով IQ թեստերին, առցանց մրցելով տարբեր մոդելների հետ և այլն: Խաղը բաղկացած է 6 մակարդակներից:

Ներկայումս առցանց տարբեր շուկաներում առկա են Նեյքո Գեյմզ ընկերության 5 խաղ՝ Fashion Girl (1.000.000- ից ավել ներբեռնում), Fashion Girl Wedding (400.000-ից ավել ներբեռնում), The Gardener, Princess Cakes Princess Cakes Christmas Edition խաղերը և այլն: Ընկերությունը ստեղծում է խաղեր տարբեր հարթակների համար՝ Windows Phone, Windows 8, Android և iOS: Windows Phone-ի շուկայում առաջին խաղերը թողարկելուց հետո 20 օրում ընկերությունը ունեցավ 100,000 ներբեռնում:

Նեյքո Գեյմզը հիմնադրվել է 2012 թվականին, երբ 4 երիտասարդներ հանդիպել են  mLab մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայում, համախմբվել մեկ գաղափարի շուրջ և ձևավորել թիմ: mLab- ը տեխնիկական և գործարար հմտությունների զարգացման, անձնական կապերի և հարաբերությունների ընդլայնման հարթակ է, որը նպաստում է մոբայլ լուծումները զարգացող բիզնեսում ներդնելու գործընթացին: mLab- ը մատուցում է նորարարության զարգացմանն աջակցող մի շարք ծառայություններ, այդ թվում` վերապատրաստման դասընթացներ, բիզնես մենթորինգ, հատկացնում է գաղափարի ձևավորման դրամաշնորհներ և համաֆինանսավորվող դրամաշնորհներ:

Հիշեցնենք, որ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ծրագիրը (Mlaba ECA) իրականացնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը , Համաշխարհային Բանկի, Ֆինլանդիայի կառավարության և «Նոկիա» ընկերության հետ համատեղ, որը եզակի հնարավորություն է Հայաստանի և տարածաշրջանի մոբայլ ծրագրերի ոլորտը զարգացնելու և համաշխարհային շուկաներում ոլորտի մրցունակությունը բարձրացնելու համար: