Samsung Gear S խելացի ժամացույցը զարդարվել է Swarovski քարերով

swarovskiSamsung Electronics ընկերությունը ներկայացրել է Samsung Gear S Strap աքսեսուարը, որը լրացրել է «Swarovski for Samsung» հավաքածուն: Այն իրենից ներկայացնում է ժամացույցի փոկ, որը զարդարված է Swarovski ադամանդներով: Հիշեցնենք, որ Samsung Gear S ժամացույցն ունի կորացած 2 դյույմ Super AMOLED սենսորային էկրան, երկմիջուկ պրոցեսոր` 1 ԳՀց հաճախությամբ, 512 ՄԲ օպերատիվ և 4 ԳԲ ներքին հիշողություն, GPS, 3G, Bluetooth և Wi-Fi: Մոդելը թույլ է տալիս զանգեր կատարել, ինչպես նաև հաղորդագրություններ ստանալ և ուղարկել:

Համալրվելով նոր աքսեսուարով` Samsung Gear S-ը կարող է հայտնվել նորաձևության սիրահարների ուշադրության կենտրոնում: Նշենք, որ փոկի վրայի քարերը տեղադրվել են այս տարի ներկայացված Crystal Fine Mesh տեխնոլոգիայով, որի առանձնահատկությունն այն է, որ ադամանդներն ամբողջությամբ են ծածկում փոկը, ոչ թե տեղադրվում հատ-հատ:

Սպասվում է, որ Samsung Gear S Strap-ը կթողարկվի հոկտեմբեր ամսին, իսկ թե որքան կարժենա այն, առայժմ չի հաղորդվում:

Աղբյուրը` samsungmobilepress.com