Հայկական արտադրության Talking Putin խաղն անսպասելի հաջողության է հասել

Հայկական արտադրության Talking Putin խաղն անսպասելի հաջողության է հասել

1536652_742894105777489_7237799434000853038_nՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում է, Կալինկա է պարում և զուգարանում ոչնչացնում է տեռորիստներին: Խոսքը «Talking Putin» խաղի մասին է, որը Ռուսաստանում 4 օր շարունակ iPad-ների համար նախատեսված անվճար ծրագրերի առաջին տեղում էր: Երբ օգտագործողը որևէ բան է արտասանում, Պուտինը նույնը կրկնում է բարակացված ձայնով, երբ մատով դիպչում է նրա գլխին, նախագահը պատասխան հարված է հասցնում:

Հետաքրքիրն այն է, որ խաղը սիրվել ու առաջին հորիզոնական է զբաղեցրել նաև Ուկրաինայում: Հայկական Anuloid Games ընկերությունում խաղը ստեղծելիս նույնիսկ չէին էլ սպասում նման հաջողության: Anuloid Games-ի տնօրեն Արշակ Սարգսյանը itTREND-ի հետ զրույցում անկեղծացավ՝ ասելով, որ հույսեր կապում էին, քանի որ որոշակի հաջողություն Android-ի տարբերակի դեպքում ունեցել էին. «Բայց որ նման հաջողություն կունենայինք, չէինք էլ մտածում»:

«Talking Putin» խաղի՝ շուկայում շատ մեծ հաջողություն ունենալը, ըստ Արշակ Սարգսյանի, պահմանավորված է Պուտինի հայտնի դեմք լինելով:

«Մենք հայտնի դեմքերի հիման վրա ենք ստեղծում այդ խաղը, որը քաղաքական ենթատեքստ է ստանում»,- հավելեց Սարգսյանը:

Պուտինին ահաբեկիչներին ոչնչացնելու գործում օգնողների արձագանքները, Արշակ Սարգսյանի խոսքով, խիստ դրական ու խիստ բացասական են, միջին գնահատականներ չկան:

«Talking Putin»-ը «Talking boses» նախագծի մի մասն է, որի առաջին խաղում եղել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Մեր զրուցակիցը, առաջ անցնելով, տեղեկացրեց նաև, որ խաղի հաջորդ մասը շուտով պատրաստ է լինելու, իսկ հերոսը քաղաքական ամենասկանդալային դեմքերից մեկը՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին է: