Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող անձանց` ՏՏ ոլորտում աշխատանքի տեղավորման խնդիրները

DSC_1134Այսօր կայացել է «Տեխնոլոգիական կրթությունը և աշխատանքը` որպես հաշմանդամություն ունեցողների համար հասարակության մեջ ինտեգրվելու միջոց» թեմայով ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական որակավորման բարձրացման և ՏՏ ոլորտում աշխատանքի տեղավորման ծրագրի արդյունքները: Նշենք, որ նախագիծն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք ԻՏՁՄ-ի մամուլի ծառայությունից:

Ծրագրի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձինք  «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնում վեբ ծրագրավորման համապարփակ մասնագիտական դասընթաց են անցել: Միաժամանակ ծրագրի մասնակիցները և դասընթացավարները ստեղծել են որոշակի կրթական բովանդակություն, որն առցանց հասանելի է ծրագրում չներգրավված հաշմանդամություն ունեցողներին՝ ինքնուրույն ուսուցման համար: Այդ նպատակով «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության աշխատակիցները, ծրագրի մասնակիցների աջակցությամբ, ստեղծել են igorc.am վեբկայքը, որը համալրվել է համացանցում առկա տեխնոլոգիական կրթական հարուստ բովանդակությամբ և հաշմանդամություն ունեցողների սոցիալական ցանց-միջավայրով:

Ծրագրի հաջորդ նպատակը հաշմանդամություն ունեցողներին աշխատանք գտնելու հնարավորության ընձեռումն է այնպիսի առցանց համակարգերում, որտեղ տեղադրվում են փոքրածավալ տեխնոլոգիական նախագծեր՝ տանից աշխատող ազատ ձեռներեցների համար: Դրա համար ծրագրի մասնակիցները նաև մարքեթինգային գիտելիքներ են ստացել՝ նշված համակարգերում պատվիրատուների հետ բանակցելու և պատվերներ ձեռք բերելու նպատակով:

Ինտենսիվ վարժանքների արդյունքում ցուցաբերած առաջադիմության հիման վրա 10 մասնակից կանցնեն աշխատանքի։

Ծրագրի ընթացքում իրականացվել է նաև ակտիվ հանրային իրազեկում՝ ուշադրություն հրավիրելով հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հիմնախնդիրներին: