Հայաստանում կգործի էլեկտրոնային տոմսերի համակարգով մշակութային պորտալ

Հայաստանում կգործի էլեկտրոնային տոմսերի համակարգով մշակութային պորտալ

digital_cinemaBeeline-ի և «Դինամիկա թեսթինգ սենթր»–ի աջակցությամբ Հայաստանում գործարկվել է www.cult.am մշակութային միասնական պորտալը, որը ներառում է տեղեկություններ մայրաքաղաքում տեղի ունեցող մշակութային միջոցառումների վերաբերյալ և տարբերվում է առցանց լիարժեք էլեկտրոնային տոմսերի ձեռք բերման հնարավորությամբ։

Beeline-ի կողմից տրամադրված համակարգիչների և սմարթֆոների շնորհիվ համակարգին են միացել և իրենց միջոցառումների էլեկտրոնային տոմսերը հայ մշակութասեր հասարակությանն են առաջարկում թվով տասը Երևանյան թատրոններ: Համակարգի կատալոգային վեբ-աֆիշայում զետեղվում և պարբերաբար թարմացվում են տեղեկություններ Երևանում տեղի ունեցող մշակութային գրեթե բոլոր տեսակի միջոցառումների (համերգ, թատրոն, կինո, սպորտային միջոցառումներ և այլն) վերաբերյալ։ էլեկտրոնային տոմսերի վաճառքի համակարգը թույլ է տալիս ձեռք բերել նախընտրելի տեղերի ընտրությամբ կոնկրետ միջոցառման տոմսեր և  վճարել դրանց համար առցանց` ArCa, iDram վճարային համակարգերով կամ VISA, MasterCard պլաստիկ քարտերով։ Վճարումն իրականացնելուց հետո պատվիրատուն ստանում է էլեկտրոնային նամակ և գաղտնաբառ։ Պատվիրատուն կարող է տպել էլեկտրոնային տոմսը կամ ներկայացնել գաղտնաբառը բջջային հեռախոսով։

«Beeline-ի աջակցության շնորհիվ իրականություն դարձած այս նախագիծն այսօրվանից հայ սպառողին առաջարկում է որակապես նոր, ավելի հարմարավետ տեխնոլոգիաներ՝ նպաստելով մշակութային առօրիայի կազմակերպմանը։ Beeline-ը, առաջին հերթին տեխնոլոգիական ընկերություն է, և մենք ուրախ ենք, որ կարողացել ենք համատեղել տեխնոլոգիաները և մեր սոցիալական ծրագրերը։ Ընկերությունն այս նախագծին մասնակցությունը կարևորում է ոչ միայն նրանով, որ օգնում է մարդկանց կյանքը դարձնել ավելի լավն, այլ նաև այն, որ այս ծրագիրը պարունակում է  շրջակա միջավայրի պահպանման ուղղված բաղադրիչ՝ օգնելով հրաժարվել թղթային տոմսերից»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Beeline-ի և CULT.am-ի այս համագործակցությունը հայաստանյան բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և հայ սպառողի կենսակերպն ամեն կերպ բարելավելու ձգտման փայլուն օրինակ է: Այս նախագիծը պարզապես հերթական նորույթը չէ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում, այն նաև ենթադրում է թատրոն ու կինո հաճախելու նոր մշակույթ, իսկ թատրոնների ու կինոթատրոնների համար՝ սեփական աշխատանքը կազմակերպելու ու տոմսային տնտեսությունը վարելու նոր, լիարժեք էլեկտրոնայնացված գործիքակազմ»,- ասաց «Դինամիկա թեսթինգ սենթր» ՍՊԸ–ի տնօրեն Վլադիմիր Խոեցյանը:

Նշենք, որ CULT.am–ը 2013 թվականին հաղթող է ճանաչվել հայկական վեբ-նախագծերի ArmNet Awards ամենամյա հեղինակավոր մրցույթում՝ արժանանալով «Տարվա առաջընթաց» անվանակարգին: