Հայ պատանիները կուսուցանեն 3D լազերային տեխնոլոգիաներ` պատմամշակութային կոթողների պահպանման նպատակով

Chichen_ItzaԵրևանում գործող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ու թվային ժառանգության պահպանմամբ զբաղվող  CyArk հասարակական կազմակերպությունը կհամագործակցեն՝ սովորեցնելով հայ պատանիներին լազերային եռաչափ տեխնոլոգիաներ՝ Երևանում անցկացվելիք դասընթացների շարքի միջոցով: Այս համագործակցության շնորհիվ Թումոյի պատանիները կսովորեն լազերային ժամանակակից սկանավորման տեխնոլոգիաներ Հայաստանի մշակութային ժառանգությունը պահպանելու համար:

Համագործակցությունն աննախադեպ նախաձեռնություն է «CyArk-ի 500 մարտահրավեր»-ի շրջանակներում, որի նպատակն է թվայնացնել մշակութային 500 կոթող հինգ տարվա ընթացքում: «CyArk-ի 500»-ը միջազգային նախաձեռնություն է, բայց Հայաստանն առաջին երկիրն է, որ կմասնակցի դրան՝ հայ պատանիներին տրամադրելով ուսումնառություն՝ վավերագրելու ու թվայնացնելու հայկական ժառանգությունը:

Հին հայկական Գեղարդ վանական համալիրը կլինի առաջին վայրը, որ կթվայնացվի, և կստեղծվեն մանրամասն եռաչափ մոդելներ: Այդ մոդելները հետագայում կտեղափոխվեն առցանց ինտերակտիվ հարթակ՝ ծառայելով որպես վիրտուալ ուխտագնացություն հավասարապես և՛ երիտասարդների, և՛ հետազոտողների համար: Թումոյի սաների հետ անցկացվելիք առաջնային դասընթացներից հետո նախագիծը կշարունակվի՝ սկանավորելով ու վավերագրելով առնվազն 10 հայկական պատմական հուշարձաններ ու վայրեր, որոնք կներառվեն «CyArk-ի 500 մարտահրավեր» նախաձեռնության մեջ:

CyArk-ն ու Թումոն համագործակցում են անհրաժեշտ ֆինանսավորում հայթայթելու ուղղությամբ՝ համապատասխան տեխնոլոգիաներ ձեռք բերելու և նախնական ուսուցումը տրամադրելու նպատակով: Այս կարևոր նախաձեռնությանը նվիրված դրամահավաքը կմեկնարկի 2014 թ. հոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում (Վաշինգտոն):

«Անչափ ոգևորիչ է, որ կարող ենք այս բարձր տեխնոլոգիական հմտությունները տրամադրել Թումոյի մեր սաներին, ինչպես նաև ստեղծել առցանց ուխտագնացության հնարավորություն ամբողջ աշխարհի հայերի համար»,- նշեց Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

«Որպես Հայաստանի նորանշանակ դեսպան ԱՄՆ-ում՝ ես լիովին աջակցում եմ Թումոյի նոր նախաձեռնությանը, քանի որ մեծապես հավատում եմ, որ նոր տեխնոլոգիաների ներառումը մեր պատանիների կրթության մեջ մեր ազգի ապագայի հրամայականն է», – ասաց դեսպան Տիգրան Սարգսյանը:

«CyArk-ն ուրախ է, որ սովորեցնելու է հայ պատանիներին՝ ինչպես թվայնացնել սեփական մշակութային ժառանգությունը և ինչպես անվտանգ կերպով արխիվացել այդ արժեքավոր հուշարձանները և ներառել «CyArk 500» նախաձեռնության մեջ»,- նշեց CyArk-ի գլխավոր տնօրեն Էլիզաբեթ Լիին:

«Շատ ներշնչող է, երբ պատկերացնում եմ՝ ինչպես են հայ պատանիները տեխնոլոգիաներ օգտագործելու՝ այս հին ու խորիմաստ վայրերի մասին պատմելու համար»,- նշեց Քեթրին Սարաֆյանը, ով «Անվախը»՝ Pixar-ի օսկարակիր անիմացիոն ֆիլմի պրոդյուսերն է: -Ես մեծ պատիվ եմ զգում, որ հանդես եմ գալիս որպես Թումոյի և CyArk-ի խորհրդի անդամ. երկու կազմակերպություն, որ համադրում են տեխնոլոգիաները, ստեղծարարությունը ու պատմությունը: