Ինչ է ֆիշինգը և ինչպես դրանից պաշտպանվել

Ինչ է ֆիշինգը և ինչպես դրանից պաշտպանվել

Phishing-tacticԱյսօր առավոտյան հայտնի դարձավ, որ հաքերները ստեղծել են ACBA-Online համակարգի կայքի կեղծ տարբերակը, որն ամբողջովին կրկնօրինակում է իրական կայքի տեսքը: Այս կերպ ասած՝ չարագործները փորձել էին ֆիշինգի միջոցով յուրացնել օգտագործողների ծածկանուն/ծածկագրերը:

Ինչ է ֆիշինգը

Ֆիշինգն ինտերնետային խարդախության տեսակ է, որի նպատակն է յուրացնել օգտագործողների անձնական տվյալները՝ լոգիններն ու գաղտնաբառերը: Սովորաբար ֆիշինգի դիմում են, որպեսզի ստանան այնպիսի տվյալներ, որոնցով կարելի է մուտք գործել բանկային կամ կրեդիտային հաշիվ և գումարներ յուրացնել:

Ֆիշինգի տեսակներից է բանկի կամ այլ ծառայության անունից նամակներ ուղարկելը, որի մեջ խնդրվում է մուտքագրել և ուղարկել ձեր տվյալները՝ իբր թե ստուգումներ անելու կամ անվտանգության նկատառումներով:

Ֆիշինգի մեկ այլ տեսակ է օրիգինալ կայքի կեղծ տարբերակի ստեղծումը, ինչը տեղի ունեցավ ԱԿԲԱ բանկի հետ. փոխվում է ընդամենը մեկ էջ՝ ծածկանուն/ծածկագիրը մուտքագրելու էջը, որտեղ տվյալները մուտքագրելու դեպքում դուք պարզապես կնվիրեք դրանք չարագործներին:

Մի ուրիշ տարբերակ է նամակներ ուղարկելը, որոնք պարունակում են կեղծ կայքի հղումը:

Ընդ որում՝ ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ ֆիշինգի ժամանակ լոգինն ու գաղտնաբառը մուտքագրելուց հետո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ տվյալները սխալ եք մուտքագրել:

Ինչպես պաշտպանվել ֆիշինգից

  • Առաջին դեպքում պետք է միշտ հիշել, որ ձեր գաղտնաբառը ՄԻԱՅՆ ՁԵՐՆ է, և ոչ մի բանկ կամ ընկերություն երբևէ չի հարցնի կամ պահանջի այն ներկայացնել: Ցանկացած պարագայում գաղտնաբառը պետք է իմանաք ՄԻԱՅՆ ԴՈՒՔ:
  • Ուշադրություն դարձրեք անծանոթ հասցեներից ստացված նամակներին և մի անցեք կասկածելի հղումներով:
  • ՄԻՇՏ ՍՏՈՒԳԵՔ ԱՅՆ ԿԱՅՔԻ ՀԱՍՑԵՆ, որտեղ պատրաստվում եք մուտքագրել ձեր ծածկանուն/ծածկագիրը: Շատ հաճախ հաքերները փոխում են URL հասցեն նմանատիպ տարբերակով, օրինակ microsoft.com-ի փոխարեն կարող է լինել maicrosoft.com:
  • Օգտվեք դիտարկիչների վերջին տարբերակներից և լիցենզիոն հակավիրուսային ծրագրերից:
  • Հետևեք, որպեսզի բանկի կայքում հաստատվի https անվտանգ միացումը:

Եթե կասկածում եք, որ ֆիշինգ հարձակման զոհ եք դարձել, անմիջապես փոխեք ձեր հաշվի տվյալները և դիմեք բանկի կամ ծառայության անվտանգության բաժին: