Դիլիջանում կանցկացվի Բիզնես ինովացիոն ֆորումը

ԻDSC_0107նֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը կազմակերպում է Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումը, որը տեղի կունենա Դիլիջան քաղաքում՝ «Բեսթ Վեսթերն Փարադայզ» համալիրում:

Այս տարի Բիզնես ինովացիոն ֆորումը նվիրված է Հայաստանում տեխնոլոգիական կրթության և տեխնոլոգիական գործարարության զարգացմանը:

«Ակնհայտ է, որ Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռնարկությունները, ժամանակակից պահանջներին համաքայլ գնալու համար, որակյալ մասնագետների պահանջարկ ունեն: Ապագայի ամենաարդյունավետ ներդրումն այսօր պետք է լինի տեխնոլոգիական կրթության ոլորտում: Այս առումով մենք հատկապես կարևորում ենք առաջատար ինովացիոն երկրների փորձը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ֆորումին բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամենահեղինակավոր ներկայացուցիչներից մասնակցում է Իսրայելի վենչուրային արդյունաբերության հիմնադիր Յիգալ Էրլիխը, ով կներկայացնի Իսրայելի ինովացիոն զարգացման փորձը:

Բիզնես ինովացիոն ֆորումն այն հարթակն է, որտեղ կներկայացվի տեղական և համաշխարհային փորձը, կծավալվի գործնական քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և կտրվեն համապատասխան լուծումներ, 2018 թվականին Հայաստանը աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու համար:

Ֆորումին մասնակցում են տեղական և արտասահմանյան բիզնեսի, բիզնես միավորումների և ասոցիացիաների, պետական կառավարման մարմինների, դիվանագիտական ներկայացուցչությունների, խորհրդատվական ընկերությունների, կրթական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Բիզնես ինովացիոն ֆորումի նպատակն է ձևավորել հարթակ, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների, գործնական շփումների և հանգստի համատեղման միջոցով կարող ենք նպաստել Հայաստանում բիզնեսի արդյունավետության բարձրացմանը:

Ֆորումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ: Միջոցառմանն աջակցում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) Միությունը: