Բակո Սահակյանը մասնակցել է ՀՀ և ԼՂՀ հեռուստա-ռադիոընկերությունների համագործակցությանը նվիրված համաժողովին

Բակո Սահակյանը մասնակցել է ՀՀ և ԼՂՀ հեռուստա-ռադիոընկերությունների համագործակցությանը նվիրված համաժողովին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին ներկա է գտնվել մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկած «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռուստառադիոընկերությունների համագործակցության ամրապնդման և ոլորտի հետագա զարգացման ուղիները» համաժողովի բացմանը:

Իր ողջույնի խոսքում նախագահ Սահակյանն ընդգծել է, որ հեռահաղորդակցության ոլորտը հանդիսանում է Արցախի սոցիալ-տնտեսական և անվտանգության համակարգի առանցքային բաղադրիչներից մեկը ու առնչվում է պետության կենսագործունեության գրեթե բոլոր բնագավառներին:

Անդրադառնալով ներկա ժամանակահատվածում ոլորտում առկա խնդիրներին` երկրի ղեկավարն անհրաժեշտ է համարել տեխնիկական բազայի շարունակական արդիականացումը, որակյալ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, գաղափարախոսական լուրջ աշխատանքի իրականացումը` հավելելով, որ այսուհետ էլ հեռահաղորդակցությանն առնչվող հիմնախնդիրները կլինեն իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում:

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը, ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: