Դիլիջանում կանցկացվի Բիզնես ինովացիոն ֆորումը

BestWesternParadiseHotelDilijanՀոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Դիլիջանում կանցկացվի Բիզնես ինովացիոն ֆորումը, որը կրում է հետևյալ խորագիրը՝ «2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում»։

Ֆորումը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից կազմակերպվող տարեկան միջոցառում է, որը յուրօրինակ հարթակ է՝ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների և շփումների միջոցով վեր հանելու Հայաստանի ինովացիոն զարգացման մարտահրավերները, քննարկելու դրանք հաղթահարելու եղանակներն ու ծրագրերը։

Միջոցառման ընթացքում Դիլիջանում կհավաքվեն բարձր տեխնոլոգիական ոլորտի և տեխնոլոգիական ներդրումներով հետաքրքրված այլ ոլորտների ներկայացուցիչներ, ներառյալ՝

  • Տեղական և արտերկրյա տեխնոլոգիական և այլ ոլորտների բիզնեսի ներկայացուցիչներ,
  • Պետական մարմիններ,
  • Բիզնես միավորումներ և ասոցիացիաներ,
  • Բիզնես գործակալություններ,
  • Խորհրդատվական ընկերություններ,
  • Կրթական հաստատություններ,
  • Դիվանագիտական ներկայացուցչություններ,
  • Միջազգային կազմակերպություններ,
  • ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Միջոցառմանը գլխավոր խոսնակներից է Յիգալ Էրլիխը, որը համարվում է Իսրայելի վենչուրային արդյունաբերության հիմնադիր և բարձր տեխնոլոգիական ոլորտի ամենաակնառու ներկայացուցիչներից մեկը։ Ֆորումի հիմնական բաղադրիչներն են թեմատիկ զեկույցները, թեմատիկ քննարկումները, հաջողության պատմությունների և նորագույն տեխնոլոգիական լուծումների ներկայացումները և բիզնես հանդիպումները:

Քննարկումներն ընթանալու են զուգահեռ ընթացող մի քանի պլենար նստաշրջանների ընթացքում.

  • Հայաստանի ինովացիոն քաղաքականությունը,
  • Կրթության և աշխատուժի մարտահրավերները տեխնոլոգիական ոլորտում,
  • Տեխնոլոգիական ձեռներեցության հիմնախնդիրները:

Մասնակիցների միջև բիզնես կապերի հաստատման և արդյունավետ հաղորդակցության նպատակով կազմակերպվելու են թեմատիկ նախաճաշեր, ճաշեր և ընթրիքներ: Նշենք, որ միջոցառումը տեղի է ունենալու ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: