Թվային էթիկա․ մի ընդունեք անխտիր բոլորի ընկերության հայտերը

addfriend_largeԱյսօր կխոսենք այն մասին, թե արդյոք արժե սոցցանցերում ընդունել անխտիր բոլոր ընկերության հարցումները։ Խոսքը հատկապես անծանոթ օգտագործողների հարցումների մասին է։

COMPUTERS IN HUMAN BEHAVIOR ամսագիրը հրապարակել է մի հետազոտություն, որը ցույց է տվել, որ ընկերության հայտն ընդունելիս ակամա ավելի լավ ես տրամադրվում նույնիսկ անծանոթ օգտագործողի հանդեպ։ Էքսպերիմենտին մասնակցել է 231 ուսանող, որոնց կիսել են երկու խմբի։ Առաջին խմբի անդամներին խնդրել են ընդունել Ջորդան անունով անծանոթի ընկերության հայտը, իսկ մյուս խմբի անդամներին ուղղակի ցույց են տվել Ջորդանի էջը։ Այնուհետև խնդրել են բոլորին արտահայտվել այդ մտացածին Ջորդանի մասին․ արդյունքում առաջին խմբի  անդամներն ավելի դրական են արտահայտվել Ջորդանի մասին, քան երկրորդ խմբի անդամները։

Դա խոսում է այն մասին, որ նույնիսկ ինտերնետում, երբ միջանձնային շփումները հաճախ չեն ենթարկվում բանական կանոններին, անծանոթների ընկերության հայտերն ընդունելն ստեղծում է որոշակի կապ, որի հիմքում երկկողմանի վստահություն է։ Իրական կյանքում այլ է, «սիրտը բացելու» համար մեկ հանդիպումը բավարար չէ․․․

Unknown_Friend

Երբ սոցցանցերում ընկերության հրավեր ենք ստանում, երկու ելք ունենք՝ ընդունել կամ մերժել, ու շատ հաճախ մենք մեկ քլիքով բացում ենք մեր անձնական էջը մի մարդու առաջ, ում երբեք չենք տեսել իրականում։

Ըստ վիճակագրական տվյալների՝ միջինում օնլայն ընկերների թիվը երկու անգամ գերազանցում է իրական ընկերների/ծանոթների թվին։ Իսկ գուցե մեր այդքան էլ սուղ ժամանակը տրամադրենք իրական ընկերների հետ շփվելուն, որոնց իսկապես հետաքրքիր է մեր կյանքը, ոչ թե օրեցօր մեծացնենք անծանոթ ընկերների թիվը․․․

Այն տարբերակը, որ օրերից մի օր իրականում կհանդիպենք վիրտուալ ընկերոջն ու կմտերմանանք, աստիճանաբար անիրական է դառնում։ Բացի այդ՝ կա ևս մի խնդիր, որին արժե ուշադրություն դարձնել․ սոցցանցերն իրենց գերհագեցած բովանդակությամբ մեծ կասկածի տակ են դնում օգտագործողի անվտանգությունը, սկսած check-in-ներից, վերջացրած աշխատավայրի մասին տեղեկություններով․․․