Թիմ Քուքը «բացել է» խաղաքարտերը և հայտնել իր սեռական կողմնորոշման մասին

OR_01-630x420Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը նամակ է գրել Bloomberg Businessweek-ին, որտեղ խոստովանել է, որ ինքը միասեռական է, նաև պատմել է, թե ինչու է որոշել նման խոստովանություն անել, և ինչպես է միասեռականությունն ազդել իր աշխատանքի վրա։ Ստորև ներկայացնում ենք Քուքի նամակը․

«Իմ կարիերայի ընթացքում ես փորձել եմ անձնական կյանքս գաղտնի պահել, ես համեստ ընտանիքից եմ ու չեմ ձգտում լինել ուշադրության կենտրոնում, ինձ դուր է գալիս մարդկանց ուշադրությունը սևեռել մեր ընկերության արտադրանքների վրա։

Միևնույն ժամանակ մտքիցս դուրս չեն գալիս դոկտոր Մարտին Լյութեր Քինգի խոսքերը․․․ «Ի՞նչ ես դու արել մարդկանց համար», ես հաճախ եմ այս հարցը տալիս ինձ․․․ Ու հիմա ես եկել եմ այն կարծիքին, որ անձնական կյանքս գաղտնի պահելը խանգարում է ինձ ինչ-որ կարևոր բան անել․․․

Երկար տարիներ իմ սեռական կողմնորոշումը գաղտնի չի եղել շատ մարդկանց համար, Apple-ի իմ կոլեգաները գիտեն, որ ես գեյ եմ, և դա կարծես թե չի փոխել նրանց վերաբերմունքն իմ հանդեպ․․․Իհարկե, ես երջանիկ եմ աշխատել այնպիսի ընկերությունում, որտեղ մարդիկ սիրում են ստեղծագործել և հասկանում են, որ ստեղծագործական աշխատանքը կարող է կայանալ միայն այն դեպքում, երբ մարդիկ ընդունում են միմյանց այնպես, ինչպես կան։ Բոլորը նման բախտ չունեն․․․

Ես չեմ թաքցրել իմ սեռական կողմնորոշումը, սակայն չեմ էլ հայտարարել դրա մասին։ Իսկ այժմ կասեմ, որ ես հպարտ եմ, որ գեյ եմ ու կարծում եմ, որ միասեռական լինելը Աստծու կողմից ինձ տրված մեծ պարգևներից մեկն է։

Իմ կողմնորոշումը օգնել է ինձ հասկանալ, թե ինչ է նշանակում, երբ դու փոքրամասնություն ես։ Այն թույլ է տվել ուշադրություն դարձնել այն խնդիրներին, որոնք ամեն օր ունենում են այլ փոքրամասնություններին պատկանող մարդիկ։ Այն ինձ դարձրել է ավելի նրբանկատ, իսկ կյանքս՝ ավելի հագեցած։ Երբեմն ծանր է շատ եղել, ու այդ վիճակն ինձ կոփել է, ես դարձել եմ ավելի ինքնավստահ, ավելի հաստատուն իմ քայլերում։ Դրա շնորհիվ ես ունեմ այսօր ռնգեղջյուրի մաշկ, որը շատ է օգնում, երբ Apple-ի գլխավոր տնօրենն ես։

Ես ինձ ակտիվիստ չեմ համարում, սակայն հասկանում եմ, թե ինչ օգուտ կարող է բերել իմ այս խոստովանությունը։ Եթե այն նորությունը, որ Apple-ի ղեկավարը գեյ է, կօգնի ինչ-որ մեկին, ով հայտնվել է դժվար իրավիճակում, ընդունել իրեն այնպիսին, ինչպիսին կա, իրեն միայնակ չզգալ, կոգևորի ու կմղի հավասարության համար պայքարի, ապա իմ խոստովանության առաքելությունը կարելի է համարել կատարված»։

Աղբյուրը՝ Bloomberg