Ադրբեջանական քարոզչությունը թուլացել է

Ադրբեջանական քարոզչությունը թուլացել է

Samvel-martirosyanԱդրբեջանական քարոզչական դաշտում փոխվել է ղեկավարությունը, որի հետևանքով վերջին ամիսներին զգալիորեն թուլացել է ազերիների քարոզչամեքենայի աշխատանքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարիտիրոսյանը:

Ըստ փորձագետի` նախկին ղեկավարը Էլնուր Ասլանովն էր, ով մեղադրվեց գյուլենիստ լինելու համար և դուրս եկավ ասպարեզից: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դաշտից աստիճանաբար հեռացնում է գյուլենիստներին, քանի որ վախենում է, որ վերջիններս կսկսեն գործել երկրի ղեկավարության դեմ, ինչպես դա տեղի է ունենում Թուրքիայում»,-պարզաբանեց Մարտիրոսյանը:

Ներկայումս ադրբեջանական քարոզչությունը կենտրոնացել է Քարվաճառի դիվերսանտների դատական գործի ուղղությամբ: «Հայ պատանդի սպանությունը փորձում են հայերի վրա, Twitter-ում և այլ սոցցանցերում ներկայացնում են, որ այստեղ սպանված ադրբեջանցու դիակը իբր թե կտտանքների հետքեր է ունեցել և տարածում են «Փրկենք ադրբեջանցի պատանդներին» հայերեն գրությունը»,-նշեց փորձագետը` հավելելով, որ «ակցիան» այդքան էլ մեծ հաջողության չհասավ, իսկ ադրբեջանական քարոզչական դաշտն այս պահին գտնվում է բավական անորոշ վիճակում: