Նոյեմբերի 8-9-ը Գյումրիում կանցկացվի #ArmeniaFTW ձեռներեցության ֆորումը

Նոյեմբերի 8-9-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կանցկացվի ամենամեծ տեխնոլոգիական իրադարձությանը՝ #ArmeniaFTW ձեռներեցության ֆորումը, որի նպատակն է ոգեշնչել ՏՏ մասնագետներին և երիտասարդ ձեռներեցներին զարգացնել ստեղծարար միտքը, բացահայտել նորարար գաղափարներ, փոխանակել արժեքավոր գիտելիքներ և փորձառություն, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել սկսնակ երիտասարդ ձեռներեցների, ոլորտի փորձագետների և ներդրողների միջև:

Միջոցառմանն ակնկալվում է ավելի քան 250 մասնակից, այդ թվում` շուրջ 60 ՀեքըթոնՅԱՆի մասնակից թիմեր, 20 տեխնոլոգիական ստարտափ նախագծեր, հայկական ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ, հուրեր ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից և այլն։

#ArmeniaFTW ձեռներեցության ֆորումը բաղկացած է բարձրակարգ սեմինարների շարքից, որոնք անց են կացվելու հայկական, ամերիկյան, մեծ բրիտանական, գերմանական, բուլղարական և ուկրաինական վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչների և հրեշտակային ներդրողների կողմից։ Բացի այդ, ավելի քան 10 ստարտափ նախագծեր հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարները և, հաջողության դեպքում, ներգրավել սկզբնական փուլի ներդրումներ:
«Վերջին շրջանում ավելի ու ավելի մեծ թվով ճանաչված ՏՏ կազմակերպություններ և ներդրումային ընկերություններ են մուտք գործում Հայաստան, ինչը շատ ուրախալի է: Հայաստանը կարողացել է ցույց տալ աշխարհին, որ այստեղ լիովին հնարավոր և շահավետ է ՏՏ ներդրումային ծրագրեր սկսելը»,- ասաց Ձեռնարկություններին ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

«Ֆիլիպ Մորրիս Արմենիան աջակցում է տեխնոլոգիական սկսնակ ընկերություններին և միջոցառման ընթացքում ընկերությունը 12,3 մլն ՀՀ դրամ կհատկացնի որպես դրամաշնորհ՝ լավագույն թիմերին օգնելով իրականացնել և կոմերցիալիզացնել իրենց գաղափարները»,- ասաց Ֆիլիպ Մորրիս Արմենիա ՍՊԸ-ի Կորպորատիվ հարցերով կառավարիչ Վահե Դանիելյանը։

#ArmeniaFTW ձեռներեցության ֆորումը Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում անցկացվելու է տարվա ամենամեծ տեխնոլոգիական մրցույթի` Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014-ի, տարածաշրջանում առաջին անգամ տեղի ունեցող «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդ» մրցույթի հետ զուգահեռ՝ «InnoWeekEnd 2014» նորարարության տարածաշրջանային ֆորումի շրջանակներում: Միջոցառումների կազմակերպիչներն են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հանրային լրագրության ակումբը, համակազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Մայքրոսոֆթ ԱրԷյ ընկերությունը, Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնը, Ֆիլիպ Մորիս Արմենիա ընկերությունը, ՀՀ կառավարությունը, USAID, աջակիցներն են՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը և Եվրամիությունը, իսկ գլխավոր գործընկերներն են ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատունը, Ռոստելեկոմ, Sixt Rent a car, MegasportArmenia, Մարգարյան իրավաբանական ընկերությունները: