«Մայքրոսոֆթ»-ը ձգտում է ընդլայնել համագործակցությունը ՀՀ պետական մարմինների հետ (նկարներ)

Նոյեմբերի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի կառավարության և պետական հատվածի հետ համագործակցության գծով տնօրեն Մարկ Դեյի միջև:

Հանդիպմանը ներկա էին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, էկոնոմիկայի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության պետ Նաիրա Նիկողոսյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Եվա Հյուսյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովել փոխշահավետ համագործակցության շարունակականությունը: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորել երկկողմ աշխատանքային խումբ, որը կքննարկի «Մայքրոսոֆթ» ընկերության հետ հետագա համագործակցության ուղղություններն ու ծրագրերը, ինչպես նաև ՀՀ պետական մարմինների կողմից «Մայքրոսոֆթ» լիցենզիոն ծրագրային փաթեթների ձեռքբերման գործընթացի ապահովման ուղղությամբ իրականացվելիք հետագա քայլերը: Խմբի գործունեության արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություններն այնուհետև կամրագրվեն «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հետ ստորագրվելիք նոր հուշագրում:

Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի կողմից առաջարկվել է շարունակել համագործակցությունը «Մայքրոսոֆթ» ընկերության հետ` Հայաստանում ինովացիոն ոլորտի զարգացմանն ուղղված միջավայրի ձևավորման խթանման նպատակով, մասնավորապես, «Մայքրոսոֆթ» ընկերության գլխամասային գրասենյակում աշխատող հայ մասնագետների հետ համատեղ հեռանկարային ծրագրերի իրականացման (հատկապես հետազոտական բնույթի ծրագրեր), ինչպես նաև «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից Հայաստանում «Ամպային» և մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնման միջոցով:

Միևնույն ժամանակ, առաջարկվել է ակտիվ քայլեր ձեռնարկել ՀՀ պետական մարմիններում «Մայքրոսոֆթ»-ի լիցենզիոն փաթեթների կիրառման, «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համատեղ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի ընդլայնման, կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության, ընկերության հետ համատեղ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության արդյունավետության բարձրացման նպատակով տեղական շուկայի պահանջներին բավարարող լուծումների մշակման և այլ ուղղություններով: