Վարչապետը ծանոթացել է «Բարվա» ինովացիոն կենտրոնի արտադրական հնարավորություններին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արագածոտնի մարզի Թալին քաղաքում գործող «Բարվա» ինովացիոն հետազոտական կենտրոն: Այն մասնագիտացած է տնտեսության տարբեր ճյուղերի (գյուղատնտեսություն, էներգետիկա) համար նախատեսված ինովացիոն և բարձր տեխնոլոգիական սարքավորումների նախագծման ու արտադրության գործում:

Վարչապետը շրջայց է կատարել ինովացիոն կենտրոնի տարածքում, ծանոթացել տարբեր կայանների հզորություններին և արտադրվող սարքավորումներին՝ «Զենիթ» հակակարկտային (ավելի արդյունավետ են և մատչելի արտասահմանյան նմանատիպ հակակարկտային կայաններից), անտիֆրոստ (ցրտահարությունից պաշտպանություն և ջերմոցների ջեռուցում), անձրևների խթանման (աշխարհում նմանատիպը չունեցող), ինչպես նաև արևային, պիրոգազային և բիոզանգվածային (բիոզանգվածից բարձր կալորիական գազի ստացման տեխնոլոգիա) համակարգերին:

6166_large

Այնուհետև կառավարության ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում «Բարվա»-յի նախագահ Արամ Վարդանյանը ներկայացրել է ինովացիոն կենտրոնի գործունեության ուղղությունները, արտադրական հզորությունները, արտահանման ծավալը և առաջիկա ծրագրերը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը կարևորում է ինովացիոն տեխնոլոգիաների հիման վրա արտադրության կազմակերպումը և պատրաստ է աջակցել այդ ուղղությամբ ծրագրերի իրականացմանը: Վարչապետի խոսքով՝ արդիական և արտահանման ներուժ ունեն, հատկապես, բիովառելիքի հիման վրա հոսանքի և գազի ստացման, անձրևների խթանման և հակակարկտային համակարգերը, որոնք կարող են արդյունավետ կիրառվել ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտերկրում:

Վարչապետ Աբրահամյանը ողջունել է ինովացիոն կենտրոնի արտադրության մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրումը՝ տեղական մտավոր և արտադրական ներուժի կիրառմամբ և հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը «Բարվա» ինովացիոն կենտրոնի հետ համատեղ մշակել վերոնշյալ սարքավորումների արտադրանքի վաճառքի ծավալի մեծացման ու արտահանման խթանման ծրագիր: