Նոր մանրամասներ «Ղ. Տելեկոմ»-ում տեղի ունեցած 751մլն. դրամ հափշտակության վերաբերյալ

lulzsec-arrestedՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից ստացված նյութերի հիման վրա, 2014թ. նոյեմբերի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ «Ղ. Տելեկոմ» ՓԲ ընկերության վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման և բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանի կողմից շուրջ 751 մլն դրամի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննության տվյալներով` Ա.Կույումջյանի կողմից 2010-2014թթ.ընթացքում յուրացման եղանակով հափշտակվել է իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 751.000.016 դրամ ընդհանուր արժողությամբ լիցքավորման քարտ:

Նկարագրված հանցագործությունը կատարելու կասկածանքով Աշոտ Կույումջյանը 2014թ. նոյեմբերի 24-ին ձերբակալվել է:
ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Իր հերթին «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն պարզաբանել է տեղի ունեցածը, նշելով, որ ընկերության ներքին ստուգումների արդյունքում հայտնաբերելով շուրջ 751 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ նյութական արժեքների կորուստ, որից հետո ընկերությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն` Ընկերությունից յուրացման փաստի կապակցությամբ:

«Միաժամանակ հայտնում ենք, որ, հիմք ընդունելով նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը` համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի, ընկերությունը ձեռնպահ է մնում որևէ լրացուցիչ տեղեկատվություն կամ մեկնաբանություն հրապարակելու հարցում»,-նշվում է ընկերության հայտարարության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: