IBM-ը կհամագործակցի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ

defaultԱյսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ընդունեց «IBM Եվրոպա և Ասիա» ընկերության գլխավոր մենեջեր Կիրիլ Կորնիլևին: Բարձր գնահատելով IBM ընկերության փորձը սոցիալական պաշտպանության ոլորտում՝ նախարար Արտեմ Ասատրյանը նշեց. «Մենք մտադիր ենք անցնել գլոբալ գործընթացների և այդ ուղղությամբ հստակ քայլեր ենք ձեռնարկում: Վերջին 3 տարիների ընթացքում կենսաթոշակային ոլորտում լայնածավալ աշխատանքներ ենք իրականացրել, ներդրել ենք ինքնաշխատ համակարգ: Այսօր արդեն վստահ ենք, որ Ձեզ հետ միասին կարող ենք ունենալ առավել շոշափելի հաջողություններ՝ օգտագործելով ընկերության առաջավոր մասնագետների փորձը»:

Ընկերության գլխավոր մենեջեր Կիրիլ Կորնիլևը ողջունեց ոլորտում իրականացվող բարեփոխումները և տեղեկատվական նորարար տեխնոլգիաների ներդրումը համակարգում՝ մասնավորապես նշելով, որ իրենց առաջին քայլը պետք է լինի հայ մասնագետների վերապատրաստումը, որը կիրականացնեն ԱՄՆ-ից հրավիրված հատուկ մասնագետները:

Համագործակցության շրջանակներում ակնկալվում է ստեղծել Գերազանցության կենտրոն, որը կապահովի տեղեկատվական և կազմակերպական աջակցության հնարավորություն, իսկ հետագա աշխատանքների արդյունավետ իրականացման համար կստեղծվի աշխատանքային խումբ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և IBM ընկերությունը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր: