Արդյո՞ք Google-ն ապրիլի 24-ին կտեղադրի Հայոց ցեղասպանության թեմայով դուդլ

Վերջին շրջանում Facebook սոցցանցում ակտիվորեն ստեղծվում են տարբեր միջոցառումներ, խմբեր, որտեղ կոչ է արվում մասնակցել ստորագրահավաքին, որի նպատակն է 2015-ի ապրիլի 24-ին Google-ին կոչ անել փոխել որոնողական կայքի գլխավոր էջի դուդլը՝ տեղադրելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ նկար:

GDG Armenia-ի համակարգող Վարդան Գրիգորյանը itTREND.am-ի հետ զրույցում ասաց, որ նման ստորագրահավաքը հաջողության հասնելու քիչ հավանականություն ունի, քանի որ կան մի քանի լուրջ պատճառներ:

10421513_10152842817107920_1662573055920067017_n

«Google-ը հնարավորինս հեռու է մնում քաղաքական խնդիրներից: Չմոռանանք, որ նա միշտ եղել ու լինելու է ծրագրավորման ընկերություն, ու Հայոց ցեղասպանության փաստը ներառում է շատ պետա-քաղաքական տարրեր և չի կարող բարձրաձայնվել Ամերիկյան հսկայի կողմից, հատկապես եթե նույն Ամերիկան չի ճանաչել այն»,-նշեց Վ.Գրիգորյանը:

Երկրորդ պատճառը, ըստ նրա, այն է, որ Google Doodle թիմը մի քանի հոգանոց թիմ է, ու Doodle-ների պատրաստումն ու պլանավորումը սկսվում է շատ ամիսներ առաջ, նույնիսկ նախորդ տարվանից սկսվում է հաջորդ տարվա պլանավորումը:

Ըստ Վ.Գրիգորյանի՝ միակ հնարավոր տարբերակը կարող է լինել դուդլի տեղադրումը միայն Google.am-ում, որը, իհարկե, այս բոլոր ակցիաների նպատակը չէ: