UBIDIT նոր հայկական հավելվածի միջոցով հեշտությամբ կարելի է ապացուցել լուսանկարի իսկությունը

screen568x568X-TECH ընկերությունը մշակել է հետաքրքիր հավելված, որն ունի էլ ավելի հետաքրքիր անուն՝ UBIDIT: Ընկերության հիմնադիր տնօրեն Արման Աթոյանը itTREND.am-ի հետ զրույցում պատմեց, որ UBIDIT նախագծի մտահղացումն առաջացել է X-TECH ընկերությունում շաբաթ օրերին անցկացվող ներքին հաքաթոններից մեկի ժամանակ։ «Մեր թիմը սովորություն ունի շաբաթ օրերին քննարկել աշխատանքից դուրս հետաքրքրող թեմաներ։ Դրդապատճառը Սոչիի օլիմպիական խաղերն էին, որոնց ժամանակ հաճախ էր պատահում, որ Twitter-ում կամ Facebook-ում հայտնվում էին գրառումներ Սոչիի հյուրանոցում տիրող տարբեր իրավիճակների մասին»,- մանրամասնեց Ա․Աթոյանը։

Այնուհետև պարզվում էր, որ տարածված լուսանկարները կեղծ են, կապ չունեն Սոչիի հետ և արվել են ուրիշ տեղերում և ուրիշ ժամանակ։ «Այս իրադարձությունները քննարկելիս միտք առաջացավ այնպիսի հավելված ստեղծել, որի միջոցով տեղադրված նկարները կասկածի տեղիք չեն տա»,- ասաց X-TECH-ի տնօրենը։ Հավելվածը թույլ է տալիս միայն իրական ժամանակում լուսանկար անել, որին կցվում է քարտեզի վրա գտնվելու վայրն ու ժամանակը (GEO location և Server Time Stamp)։ Հավելվածը հնարավորություն չի տալիս նկար ընտրել հեռախոսի հիշողությունից։ Նկարների վրա դրվում է QR-կոդ, որի միջոցով հնարավոր է դառնում վերադառնալ սկզբնաղբյուրին, նույնիսկ եթե նկարը տեղադրվել է բոլորովին այլ կայքում։  Կոդը ցուցադրում է նկարի GEO location-ը և Server Time Stamp-ը։

UBIDIT-ում տեղադրված լուսանկարները կարելի է ուղարկել մեկ այլ օգտագործողի կամ տարածել բոլորին հասանելի www.ubidit.me կայքում։ iOS-հավելվածը կարելի է բեռնել այստեղից, իսկ Android-հավելվածը՝ այստեղից։

Ինչ վերաբերում է հավելվածի անվանումին, ապա «UBIDIT»-ն օգտագործվել է ծրագրի մշակման ժամանակ՝ որպես հումորային տարբերակ, սակայն պատրաստ լինելուց հետո X-TECH-ի թիմը որոշել է թողնել անվանումն անփոփոխ։