Mi Note` iPhone 6 Plus-ի չինական մրցակիցը

Mi Note` iPhone 6 Plus-ի չինական մրցակիցը

65Չինական Xiaomi ընկերությունը ներկայացրել է 5,7 դյույմանոց Mi Note ֆաբլետը, որն ընկերության այլ արտադրանքների նման շատ նման է Apple-ի սարքերին, այս դեպքում՝ iPhone 6 Plus-ին, որը թողարկվել է անցած աշնանը։ Xiaomi-ի ղեկավար Լեյ Ջունի խոսքով՝ Mi Note-ն ավելի բարակ (6,95 մմ) ու թեթև է (161 գրամ), քան iPhone 6 Plus-ը։

Բացի այդ՝ Mi Note-ը համատեղելի է երկու SIM-քարտերի հետ, ունի Gorilla Glass 3 ապակի։ Ընկերությունը նախատեսում է թողարկել մոդելի երկու տարբերակ․ առաջինը կունենա Full HD էկրան և կթողարկվի հունվարի 27-ին, իսկ երկրորդը մարտի վերջին և կունենա 2560х1440, 515 ppi թույլատրությամբ էկրան։

Ինչ վերաբերում է Mi Note-ի տեսախցիկին, ապա այն տեղավորված է պատյանի մեջ, ոչ թե գտնվում է դրանից դուրս, ինչպես iPhone 6 Plus-ի դեպքում։

Mi Note-ն ունի քառամիջուկ Snapdragon 801 պրոցեսոր՝ 2,5 ԳՀց հաճախականությամբ, 3000 մԱ/ժ տարողությամբ մարտկոց, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն և 16 (370 դոլար) կամ 64 ԳԲ (450 դոլար) ներքին հիշողություն։ Ավելի թանկ տարբերակը կունենա ութամիջուկ Snapdragon 810 (2 ԳՀց) չիպ, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և ավելի տարողունակ՝ 3090 մԱ/ժ մարտկոց, 64 ԳԲ ներքին հիշողություն։ Այս տարբերակը կարժենա 530 դոլար։

Աղբյուրը՝ Mi.com