Հայաստանում էլ-խանութներ կստեղծվեն ազատազրկվածների համար

online-shopping-security-lead.ashxՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ կստեղծվեն էլեկտրոնային խանութներ՝ նախատեսված ազատազրկվածների համար:

Վարչության՝ վերջերս գործարկված կայքի նպատակն է իրազեկել բնակչությանը ՀՀ պատժական համակարգի իրավիճակի մասին, ինչպես նաև օգնել ազատազրկվածների հարազատներին տեղեկանալ այցելությունների, թույլատրված իրերի ու սննդի փոխանցման կարգի մասին:

Պետի խոսքով՝ 2015 թվականին լուրջ քայլեր կկատարվեն էլեկտրոնային խանութների ներդրման ուղղությամբ։ Այս խանութների գաղափարը այն է, որ ազատազրկվածների հարազատները կկարողանան գնում կատարել, որը մի քանի ժամվա ընթացքում կփոխանցվի հասցեատիրոջը։ Կայքը կօգնի նաև նվազեցնել կոռուպցիոն ռիսկերն ու կասեցնել արգելված իրերի ներթափանցումը քրեակատարողական հիմնարկ։

«2015-ին նախատեսվում է նաև ստեղծել ազատազրկվածների տվյալների բազա և ներքին ցանց»,-նշեց Օսիկյանը։