Հայկական PicsArt հավելվածի Android-տարբերակը բեռնվել է արդեն 175 մլն անգամ

Հայկական PicsArt հավելվածի Android-տարբերակը բեռնվել է արդեն 175 մլն անգամ
Արտավազդ Մեհրաբյան

Արտավազդ Մեհրաբյան

Հայկական PicsArt բջջային հավելվածը, որը նախատեսված է նկարներ խմբագրելու համար, օրեր առաջ ստացել է $10 մլն դոլարի չափով ներդրում Sequoia Capital վենչուրային հիմնադրամի կողմից։ Այս առիթով որոշեցինք զրուցել ընկերության գործառնությունների գծով տնօրեն (COO) Արտավազդ Մեհրաբյանի հետ։

Սկզբնական շրջանում PicsArt-ի փոքր թիմն աշխատում էր սոցցանցերի՝ Facebook-ի, MySpace-ի համար նախատեսված տարբեր հավելվածների վրա։ Այժմ արդեն ընկերության հայկական մասնաճյուղն ունի 100-ից ավելի աշխատակից, իսկ ամերիկյան մասնաճյուղն ակտիվորեն զբաղվում է նոր աշխատակիցների ներգրավմամբ։

PicsArt հավելվածը թողարկվել է 2011-ի նոյեմբերին (միայն Android-տարբերակը) ու մի քանի ամսվա ընթացքում ունեցել շատ մեծ հաջողություն․ երկու ամսվա ընթացքում բեռնումների քանակն անցել է մեկ միլիոնը, ինչը բավական լուրջ թիվ էր այն ժամանակ։ Play Store-ի Photography բաժնում հավելվածը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

nkar1

«Մեր նպատակն էր ստեղծել օգտակար մի հավելված, որն ավելի կմոտեցնի օգտագործողներին արվեստին ու գեղեցիկին։ Մեզ շատ ոգևորում են օգտագործողների հիացած նամակներն ու արձագանքները, նրանց միջոցով բացահայտում ենք հավելվածի օգտագործման -նոր ձևեր ու եղանակներ»,-նշում է Մեհրաբյանը։ Ըստ նրա՝ հավելվածի գլխավոր առանձնահատկությունը նմանանատիպ ծրագրերից հենց PicsArt-ի թիմն է, որն իրապես սիրում է իր աշխատանքը։ Հավելվածը յուրօրինակ է նաև նրանով, որ այն ոչ միայն ծրագիր է կամ գործիք, այլ միջավայր է, որտեղ օգտագործողներն ազատ են զգում ստեղծագործել, ինքնաարտահայտվել ու նույնիսկ խաղալ։

PicsArt-ի բեռնումների վիճակագրությունը հետևյալն է․ ծրագրի iOS-տարբերակը, որը շուկայում հայտնվել է շատ ավելի ուշ, քան Android-տարբերակը, արդեն ունի 25 մլն բեռնում, իսկ Android-ի բեռնումներն անցնում են արդեն 175 միլիոնը։ PicsArt-ում ստեղծվում են հետաքրքությունների վրա հիմնված տարբեր խմբեր։ Օգտագործողների կողմից ամենասիրված ֆունկցիաներից է կոլաժի ստեղծումը։

Sequoia Capital-ի ներդրումը, Արտավազդ Մեհրաբյանի խոսքով, թույլ կտա ընկերությանը ավելի երկարաժամկետ նպատակներ սահմանել ու իրագործել։ Նշենք, որ հավելվածն անվճար է, իսկ ընկերության եկամուտն ապահովում են հավելվածի ներսում հավելյալ հնարավորությունների գնումները։