Zangi հայկական հավելվածը շուտով կունենա նաև ամպային ծառայություններ (հարցազրույց, ֆոտոշարք)

1111111111Մեկ ամիս առաջ App Store-ում և Google Play-ում տեղադրվեց հայկական Zangi մեսենջերը, որը թույլ է տալիս անվճար հաղորդագրություններ ուղարկել, զանգել ու տեսազանգեր կատարել: Շատ կարճ ժամանակում հավելվածը մեծ տարածում գտավ՝ գրանցելով ընդհանուր առմամբ 60 000 բեռնում: Հավելվածի առանձնահատկությունների, ստեղծման պատմության, անվանման և այլ հետաքրքիր հարցերի շուրջ itTREND.am-ը զրուցեց Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանի հետ:

– Ե՞րբ է ստեղծվել ընկերությունը և ինչպիսի՞ ճանապարհ է անցել Zangi հավելվածը:

-Ընկերությունը ստեղծվել է 2009թ.: Սկզբնական շրջանում աշխատում էինք միայն այնպիսի տեխնոլոգիաների մշակմամբ ու արտահանմամբ, որոնք օգտագործվում են տեսազանգերում՝ ապահովելով բարձր որակ: Տեխնոլոգիայի առավելությունն այն է, որ նույն ինտերնետ կապի պայմաններում այն ապահովում է մինչև 20%-ով ավել ծավալով տվյալներ փոխանցել: Բացի այդ՝ մշակել ենք տվյալների փոխանցման ճանապարհին տեղի ունեցող կորուստների վերականգնումը հեշտացնող տեխնոլոգիաներ: Ստանում էինք բազմաթիվ պատվերներ արտերկրից, երբեմն նույնիսկ ստիպված էին մերժել պատվերների մի մասը՝ հասցնելու համար:

Ունենալով վերոնշյալ տեխնոլոգիաների ամուր հիմքը՝ որոշեցինք ստեղծել մեր սեփական հավելվածը: Դեռ այն ժամանակ մենք հասկացանք, որ սմարթֆոնները հեղափոխություն են անելու ոլորտում, փոխվելու է նույնիսկ ավանդական զանգ կատարելը, և աստիճանաբար ՏՏ ոլորտի այս միտումը տարավ նրան, որ այժմ ամենաթանկ գնահատվող ընկերությունները հենց հաղորդակցային ծրագրեր մշակող ընկերություններն են: Վերջերս անցկացված մարքեթինգային հետազոտությունը ցույց է տվել, որ ամեն օր աշխարհում 3 մլն մարդ բեռնում է բջջային մեսենջեր, և այս միտումը պահպանվելու է դեռ 2 տարի:

55555555

222222

-Որո՞նք են հավելվածի առավելությունները նմանատիպ այլ ծրագրերից:

– Zangi-ն առաջին մեսենջերն է, որն ապահովում է 720p թույլատրությամբ live-տեսազանգեր: Մրցակից Skype-ն ու Viber-ն առայժմ թույլ են տալիս կատարել միայն 480p զանգեր: 2015-ի կեսերին պատրաստվում ենք ապահովել հավելվածում 1080p թույլատրությամբ տեսազանգեր: Այժմ արդեն տիրապետում ենք այնպիսի տեխնոլոգիաների, որոնք ապահովում են ձայնի չկտրտվող որակ նույնիսկ ինտերնետ կապի վատացման դեպքում: Հավելվածի առավելություններից է նաև պարզ ու հասկանալի ինտերֆեյսը, որը հեշտացնում է օգտագործումը: Ինչ վերաբերում է գովազդին, ապա Zangi-ն միշտ անվճար է լինելու և երբեք հավելվածում չի ցուցադրվելու գովազդ:

-Քանի՞ բեռնում է առ այսօր ունեցել հավելվածը:

– Այժմ Zangi մեսենջերը App Store-ի սոցիալական ցանցերի կատեգորիայում զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Հավելվածի iOS և Android տարբերակները բեռնվել են ընդհանուր առմամբ մոտ 60,000 անգամ: Սպասում ենք, որ մեկ շաբաթից Google Play-ում ևս կհայտնվենք առաջին հորիզոնականներում: Ամեն ամսվա վերջ կթողարկվի ծրագրի թարմացում, աստիճանաբար այն կկատարելագործվի ու կներդրվեն նոր հնարավորություններ:

3333333

4444444

-Խոսենք մրցակցության մասին. ո՞ր ծրագրերն ու ծառայություններն են այսօր մրցակցում Zangi-ի հետ:

–  Իհարկե, նմանատիպ ծրագրերը՝ Viber-ը, Skype-ը հանդիսանում են Zangi-ի մրցակիցը, սակայն համարում ենք, որ մեր առաջին մրցակիցը GSM-ն է, այսինքն՝ բջջային օպերատորները, առայժմ կա հասանելիության խնդիր, քանի որ ոչ բոլոր տարածքներում կա ինտերնետ:

-Որևէ հետաքրքիր նորարարություն կա՞ հավելվածում:

– Zangi-ում կա ձախլիկների համար նախատեսված ստեղնաշարի շարվածք: Առաջին անգամ հավելվածով հաղորդագրություն ուղարկելիս կունենաք ընտրելու հնարավորություն՝ Send կոճակն ավանդական աջ կողմում լինի, թե ձախ:

– Ի՞նչ նոր հնարավորություններ եք նախատեսում ներդնել մոտ ժամանակում:

-Մարտ ամսին կթողարկենք Zangi-ի ամպային ծառայությունը, որը թույլ կտա ցանկության դեպքում բոլոր զանգերն ու տեսազանգերը պահպանել ու ցանկացած պահի փնտրել ու լսել դրանք: Տարվա երկրորդ կեսին պատրաստ կլինի նաև Desktop-տարբերակը, որը թույլ կտա օգտագործել հավելվածը համակարգչից:

-Քանի՞ աշխատակից ունի ընկերությունը: 

-Zangi-ն այժմ ունի մոտ 25 աշխատակից, սակայն տարվում են թիմն ընդլայնելու ակտիվ աշխատանքներ:

– Եթե հավելվածում չի տեղադրվում գովազդ, ի՞նչ ճանապարհով է ընկերությունն ապահովում իր եկամուտը:

– Երբ թողարկենք ամպային ծառայությունը, նախատեսում ենք օգտագործողներին առաջարկել նաև վճարովի փաթեթներ, ապագայում ևս վճարովի ծառայություններ կլինեն, որոնց հաշվին ընկերությունը եկամուտ կստանա: Այս պահին ընկերությունն իր գործունեությունն ապահովում է ներդրումներով:

777777777777777777

-Ի՞նչու Zangi, և ոչ Zangir:

-Մեր նպատակն էր այնպիսի անուն ընտրել, որ հայերեն լինի, սակայն հեշտ լինի արտասանել տարբեր լեզուներով: Ուսումնասիրություն ենք կատարել 18 երկրներում՝ հասկանալու համար՝ արդյոք տարբեր նման անունը հեշտ են արտասանում տարբեր ազգերի ներկայացուցիչները, թե ոչ: Իսկ Zangir-ի պարագայում անվանումը շատ դժվար կարտասանվեր: Հետաքրքիր է, որ Zangi-ն երբեմն արտասանում են նաև որպես «Զենջի»:

– Ինչքանո՞վ եք կարևորում պետության դերը ՏՏ ոլորտի զարգացման մեջ:

– Պետությունը կարող է շատ կարևոր դեր խաղալ երկրում ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին աջակցելու և նրանց թիվը մեծացնելու հարցում: Առաջին հերթին այն կարող է ստեղծել տեխնոլոգիական շուկա, որտեղ այլ ոլորտի ընկերությունները կծանոթանան ՏՏ ոլորտի ընկերություններին ու պատվերներ կկատարեն իրենց գործունեությունը զարգացնելու նպատակով: Առայժմ Հայաստանում ՏՏ ոլորտի ընկերությունները կայանում են՝ դրսի շուկայի պատվերները կատարելով, ոչ թե երկրի ներսում: Ու նույնիսկ այս իրավիճակում ՏՏ ոլորտը կարողանում է գրանցել մեծ աճ:

Հ.Գ. Մինչ պատրաստում էինք հարցազրույցը, փետրվարի 18-ի լույս 19-ի գիշերը ժամը 1:30-ի սահմաններում հավելվածը ենթարկվում էր DDos հարձակման, որի վերաբերյալ ընկերությունը տեղեկացնում էր օգտագործողներին հաղորդագրության միջոցով:

10996545_10205060835993636_7638344359959448444_n