Հայկական Shadowmatic խաղում շուտով կավելացվի նոր մաս (հարցազրույց)

Հայկական Shadowmatic խաղում շուտով կավելացվի նոր մաս (հարցազրույց)

2015-ի հունվարի 15-ին Apple-ի App Store հավելվածների խանութում տեղադրվեց Triada Studio ընկերության կողմից թողարկված Shadowmatic խաղը, որը ճանաչվեց հունվար ամսվա լավագույն նոր խաղ: Shadowmatic-ը puzzle ժանրի խաղ է, որտեղ տարբեր առարկաներ ու օբյեկտներ պետք է այնպես պտտել, որպեսզի դրանց ստվերով ստացվի պահանջվող պատկերը: Խաղի ստեղծման պատմության, սպասվող թարմացումների, ընկերության հետագա ծրագրերի մասին ittrend.am-ը զրուցեց ընկերության տնօրեն Արա Աղամյանի հետ:

-Ինչպե՞ս է ստեղծվել Shadowmatic խաղը:

– Արդեն 7-8 տարի է, ինչ մտածում էինք խաղ ստեղծելու ուղղությամբ և սկզբնական շրջանում նախատեսում էինք պատրաստել PC-համակարգիչների համար նախատեսված խաղ: Սկսեցինք աշխատանքները, սակայն որոշ ժամանակ անց առաջացավ շուկայի զարգացման նոր միտում. սկսեցին բուռն վերելք ապրել iOS օպերացիոն համակարգի համար ստեղծվող խաղերն ու հավելվածները: Այդ ժամանակ որոշեցինք PC-համակարգիչների համար նախատեսված ծրագրերը ժամանակավորապես մի կողմ դնել ու կենտրոնանալ iOS-ի համար նախատեսված տարբերակ ստեղծելու վրա։

Սկզբում խաղի գաղափարները մի քանիսն էին, արդյունքում կանգ առանք առաջին հայացքից հեշտ թվացող խաղի վրա, սակայն ժամանակը ցույց տվեց, որ լուրջ մոտեցման դեպքում աշխատանքն անվերջանալի է: Այն, ինչ ծրագրում էինք ավարտին հասցնել կես տարում, ավարտեցինք 3 տարում:

-Կա՞ն այլ նախագծեր կամ խաղեր, որոնց վրա այժմ աշխատում է ընկերությունը:

-Մտքեր կան, սակայն այժմ դեռ աշխատում ենք Shadowmatic-ի վրա: Խաղը պարբերաբար թարմացվում է: Շուտով խաղում կավելացվի նոր կոնտենտ, և այն օգտագործողները, ովքեր արդեն անցել են խաղը, կկարողանան խաղալ նոր level-ներ:

-Ե՞րբ եք նախատեսում թողարկել խաղի Android-տարբերակը, և ի՞նչ կասեք PC-տարբերակի  մասին:

– Android-տարբերակն անպայման թողարկելու ենք, ինչպես և PC ու Mac տարբերակները, սակայն կոնկրետ ժամկետներ նշել չեմ կարող:

– Քանի՞ անգամ է խաղը բեռնվել App Store-ից:

– Խաղը հրապարակվել է ընդամենը մեկուկես ամիս առաջ, առայժմ թվեր չեմ կարող ասել։

– Քանի՞ աշխատակից ունի ընկերությունը, և քանի՞սն են աշխատում խաղի վրա:

– Triada Studio-ն ունի մոտ 15 աշխատակից, որոնցից 4-ն աշխատում են խաղի վրա: Խաղի յուրօրինակ երաժշտությունը գրել է Սերգեյ Մելքոնյանը, ընդ որում՝ խաղի soundtrack-ը կարելի է գնել iТunes-ից:

 

– Խաղում կա՞ն տիպիկ հայկական տարրեր:

– Այո, level-ներից մեկում կա Կոմիտասի նկարը և որոշ հայկական տառեր՝ խաղի քարտեզի վրա:

– Խաղն արժե 2,99 դոլար. պատրաստվո՞ւմ եք արդյոք թողարկել խաղի անվճար տարբերակը:

-Այդ ուղղությամբ մտածել ենք, սակայն համոզված չեմ, որ կդիմենք այդ քայլին:

– Ի՞նչ կասեք խաղի շարունակության մասին. երկրպագուները սպասե՞ն Shadowmatic 2-ին:

– Shadowmatic 2-ը, թերևս, կլինի բոլորովին այլ խաղ: Իսկ այս գարնանը կթողարկվի Shadowmatic-ի նոր մասը: Այն օգտագործողներն, ովքեր արդեն գնել են խաղը, անվճար կկարողանան օգտվել թարմացումից: Մի քանի օրից խաղի 12 լեզուներին կավելանա 13-րդը՝ հայերենը:

***

Triada Studio-ն ստեղծվել է 1993թ. և ստեղծման օրից զբաղվում է համակարգչային գրաֆիկայի տարբեր ուղղություններով, պատրաստում գովազդային հոլովակներ, ֆիլմերի համար ստեղծում վիզուալ էֆեկտներ և այլն: