Կանցկացվի մաքուր տեխնոլոգիաների բիզնես մրցույթ

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամն ու ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) Հայաստանում անցկացնում են «Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարներ» ազգային մրցույթը, որին կարող են մասնակցել Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների նորարարական և ստեղծագործական բիզնես գաղափարներ ունեցող ցանկացած կազմակերպություն և անհատ: Տարիքային սահմանափակում չկա:

Հայաստանում մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2014թ.։ Հայաստանում ՄԱԱԶԿ ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանի խոսքով՝ այս տարի նախատեսվում է հավաքագրել մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող մինչև 80 բիզնես գաղափար ու նախատիպ: Այս տարի մրցութային հանձնաժողովն առանձնացրել է հետևյալ ոլորտները՝ էներգաարդյունավետություն, վերականգնվող էներգիա, թափոններից էներգիայի ստացում, ջրային ռեսուրսներ:

Հանձնաժողովը կգնահատի ներկայացված բոլոր գաղափարները։ Ընտրված լավագույն 25 գաղափարների հեղինակները թիմեր կկազմեն և կմասնակցեն հաջորդ փուլին, որի շրջանակներում կանցկացվեն ինտենսիվ 10-շաբաթյա բիզնես դասընթացներ: Ս․թ․ հոկտեմբերին նախատեսված եզրափակիչ փուլում հանձնաժողովը 25 թիմից կընտրի լավագույն 4-ին, որոնք կստանան մինչև $10 հազար դոլար պարգև, իսկ հաղթողը հնարավորություն կունենա մասնակցելու Սիլիկոնյան հովտում կայանալիք ամենամյա Cleantech Open համաշխարհային ֆորումին:

Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 30-ը: