Նոր հնարավորություններ Հայաստանի և Թուրքիայի սկսնակ ձեռներեցների համար

Նոր հնարավորություններ Հայաստանի և Թուրքիայի սկսնակ ձեռներեցների համար

Մարտի 26-ին Երևանում կմեկնարկի «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» ծրագրի քառօրյա դասընթացը, որին կմասնակցեն երիտասարդ սկսնակ ձեռներեցների երեքական թիմերի ներկայացուցիչներ Հայաստանից և Թուրքիայից: Դասընթացը անդրադառնալու է  նորաստեղծ ընկերություն և բիզնես հիմնադրելու հիմունքների և կարողությունների զարգացման, ինչպես նաև տեխնոլոգիական և բիզնես մոդելավորման թեմաների: Ընդհանուր առմամբ կներգրավվի 6 թիմ՝ 15 մասնակից Հայաստանից (Երևան, Գյումրի) և  Թուրքիայից (Ստամբուլ, Անկարա):

Դասընթացը կմեկնարկի բացման արարողությամբ, որը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 12:00-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում: Բացմանը ելույթներով հանդես կգան նախագծի դոնորի և իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր կողջունեն մասնակիցներին և կներկայացնեն թե ամբողջ նախագիծը, թե դասընթացի ծրագիրը: Աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը:

Դասընթացը տեղի կունենա ԵՊՃՀ-ում՝ շենք #10, 5-րդ հարկ: Դասախոսություններն ու ընդհանուր դասընթացը ծրագրված է թիմերի կարիքներին համապատասխան: Դասընթացը վարելու են Արսեն Բաբայանը (WorkFrontընկերության որակի ապահովման մենեջեր, Հայաստան), Նազարեթ Սեֆերյանը՝ (ONEArmenia հայաստանյան գրասենյակի տնօրեն, Հայաստան), Էմին Օկուտանը (Viveka Technology Incubator-ի համահիմնադիր, Թուրքիա), Օզան Սյոնմեզը (Նոր վենչուրային աքսելերատորի ղեկավար, Թուրքիա):

Մասնակիցների կարիքների գնահատումը անց է կացվել ծրագրի առաջին փուլի ընթացքում՝ առցանց խորհրդատվությունների միջոցով՝ դասընթացավարներ եւ խորհրդատուներ Արսեն Բաբայանի, Նազարեթ Սեֆերյանի, և Էմին Օկուտանի կողմից:

Քառօրյա դասընթացի ընթացքում Հայաստանից և Թուրքիայից սթարթափ թիմերը հնարավորություն կունենան ներկա լինել տարբեր դասախոսությունների և գործնական պարապմունքների, որոնք կանդրադառնան բիզնես հաջողության և բիզնես մոդելի խնդիրներին, մարքեթինգի, MVP նախագծմանը և նախատիպերի ստեղծմանը և շատ այլ կարևոր հացրերի:  Սկսնակ ձեռներեցները նաև իրենց գաղափարները կկիսեն մյուս մասնակիցների, մենթորների և դասընթացավարների հետ  փորձնական  ներկայացման ընթացքում, որը նրանց թույլ կտա  պատրաստվել 2015-ի մայիսին նախատեսվող հիմնական ներկայացմանը: Մասնակիցների համար կստեղծվեն միջանձնային և մասնագիտական շփումների բազմաթիվ հնարավորություններ:  Աշխատանքային լեզուն անգլերենն է:

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծը «ԻննոՈւքենդի» տարածաշրջանային նախաձեռնությունում ներառված և «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի մաս կազմող «Հայաստան-Թուրքիա սթարթափ ուիքենդի» հաջորդ փուլն է, որի իրականացումը հնարավոր դարձավ «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդի» հաջողության արդյունքում: «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագիծը իրականացվել է Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

«ԻննոՈւիքենդ 2014» նորարարության տարածաշրջանային ֆորումը տեղի է ունեցել 2014թ.-ի նոյեմբերի 8-9-ին Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնում` ԱՄՆ դեսպանատան և ԵՄ ֆինանսական աջակցությամբ :

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծն իրագործվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) հետ համագործակցությամբ:  Նախագիծը հսմաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Բաժիններ: Հայաստան