HTC-ն ներկայացրել է Quad HD էկրանով իր առաջին սմարթֆոնը

HTC-ի չինական ներկայացուցչության կայքում տեղեկություններ են հայտնվել One E9+ նոր մոդելի մասին, որն առանձնանում է էկրանի բարձր թույլատրությամբ։ Ըստ կայքի՝ մոդելն ունի 5,5 դյույմանոց էկրան՝ 2K թույլատրությամբ։

HTC One E9+-ն ունի MediaTek MT6795M ութամիջուկ պրոցեսոր՝ 2 ԳՀց հաճախականությամբ, 2 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողություն, microSD-ի հնարավորություն (մինչև 128 ԳԲ տարողությամբ), 4ՄՊ դիմային տեսախցիկ, հիմնական տեսախցիկի մասին տվյալները հակասական են։ Հայտնի է նաև, որ սմարթֆոնը կունենա BoomSound ստերեոբարձրախոսներ՝ Dolby Audio տեխնոլոգիայով։

Սմարթֆոնի չափսերն են 156 × 76,5 × 7,5 մմ, իսկ քաշը 150 գրամ է։ Մարտկոցի ունակությունը 2800 մԱ/ժ է։ Թե Android-ի որ տարբերակով կաշխատի սարքը, չի նշվում։ Վաճառքի մեկնարկի ու գնի մասին ևս տեղեկություններ չկան առայժմ։

Աղբյուրը՝ Engadget