Ձեզ անհաջողակ մի զգացեք սոցցանցերում

Մի համեմատեք Ձեր ու սոցցանցում Ձեր ընկերների կյանքը, քանի որ ինտերնետում բոլորն էլ աշխատում են իդեալական երևալ։

Սոցիալական ցանցերը կյանքի այլ ոլորտների նման ունեն իրենց չգրված օրենքները։ Դրանցից մեկն այն է, որ օգտագործողները միշտ աշխատում են գրել միայն լավ բաների մասին, իսկ վատի մասին գրելու դեպքում էլ աշխատում են այնպես գրել, որ շարժեն մարդկանց հետաքրքրությունը կամ այնպես գրեն, որ բարձրացնեն ընկերների տրամադրությունը։ Արդյունքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ բոլոր ընկերների մոտ կյանքը հրաշալի է, իսկ խնդիրներ միայն Դուք ունեք։

Այսպիսի եզրակացության են եկել Հյուսթոնի և Ստենֆորդի համալսարանների գիտնականները՝ պարզելով, որ մենք անընդհատ համեմատում ենք մեզ սոցցանցի ընկերների հետ, արդյունքում ինչ-որ մեկը զգում է իր գերազանցությունը, իսկ մյուսները առիթ են ունենում հիասթափվելու իրենք իրենցից։

Եթե հակված եք ամեն ինչում փնտրել վատը, ապա լավ կլինի սոցցանցերում քիչ ժամանակ անցկացնեք։

Շատ ինքնավստահ մարդկանց համար Facebook-ը կարող է դառնալ մոտիվացնող կայք, իսկ ցածր ինքնագհանատական ունեցողների մոտ սոցցանցը կարող է սրել վիճակը։

Հոգեբան Մայ-Լի Սթիրզը կարծում է, որ Facebook-ի լավ կամ վատ լինելը կախված է նրանից, թե ինչպես ենք մենք այն օգտագործում։ Եթե այն մեզ օգնում է պահպանել շփումն ընկերների ու հարազատների հետ, ապա ամեն ինչ լավ է։ Սակայն եթե ամեն անգամ, բացելով Facebook-ը, համեմատում ենք մեզ մյուսների հետ և դրանից վատ զգում, ապա ո՞րն է սոցցանցից ստացած օգուտը․․․

Աղբյուրը՝ Atlantic