Picsart հայկական հավելվածը կստանա 15 մլն դոլարի ներդրում

Picsart հայկական հավելվածը կստանա 15 մլն դոլարի ներդրում

Ֆոտոխմբագրիչ Picsart հավելվածը շուտով կստանա 15 մլն դոլարի ներդրում, որից հետո ընկերության արժեքը կդառնա $250 մլն դոլար։ Այս մասին գրում է Fortune-ը։ Նշենք, որ ս․թ․ փետրվարին հավելվածում $10 մլն դոլարի չափով ներդրում կատարեց Sequoia Capital վենչուրային հիմնադրամը, որը ևս մասնակցում է ֆինանսավորման այս փուլում, սակայն այլևս առաջատար ներդրողը չէ։

Աղբյուրը գրում է, որ հավելվածի iOS և Android տարբերակների բեռնումների թիվը հասնում է 250 միլիոնի։ Իսկ ընկերության տեխնիկական գծով տնօրեն (CTO) Միքայել Վարդանյանը ArmNet 2015 կոնֆերանսի ժամանակ հայտարարեց, որ հավելվածի ամսական օգտագործողների թիվն արդեն հասել է 60 միլիոնի։

Ընկերությունը պլանավորում է 2015 թվականի ընթացքում այս թիվը հասցնել 100 միլիոնի։ Օգտագործողների 45%-ը ԱՄՆ-ից և Եվրոպայից է, վերջին շրջանում ակտիվացել են նաև ասիական շրջանի օգտագործողները։

Նկարների խմբագրման համար նախատեսված ծրագիրն այժմ ապահովում է 13 լեզու։ Օրական սոցցանցերում իրենց ստեղծած աշխատանքներով կիսվում են 8-9 մլն օգտագործողներ։