Google-ը շուտով կթողարկի Glass խելացի ակնոցի նոր մոդելը

Luxottica ընկերությունը, որը ակնոցների խոշորագույն արտադրող է և որին պտկանում են Ray-Ban, Oakley և Persol բրենդները, օգնում է Google-ին մշակել Glass խելացի ակնոցի նոր մոդել։ Այս մասին հայտնել է իտալական ընկերության ղեկավար Մասիմո Վիանը։ Նրա խոսքով՝ ակնոցն այժմ գտնվում է պատրաստման փուլում։

Հիշեցնենք, որ ս․թ․ հունվարին Google-ը դադարեցրեց Glass-ի Explorer Edition-ի վաճառքը, որը կարելի էր ձեռք բերել 1500 դոլարով։ Շատ մշակողներ հայտարարեցին, որ դադարեցնում են մշակել ակնոցի համար նախատեսված հավելվածներ, քանի որ օգտագործողները շատ քիչ են, իսկ սարքն իր հերթին բազմաթիվ առումներով սահմանափակում է իրենց հնարավորությունները։

Որոշ ժամանակ անց՝ մարտին, Google-ը հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարվել իր խելացի ակնոցի մշակումից։ Google-ն ու Luxottica-ն արդեն ունեն համագործակցության փորձ․ նախկինում իտալական ընկերությունը նախագծել ու թողարկել է Glass-ի համար նախատեսված շրջանակ։

Աղբյուրը՝ The Wall Street Journal