Դեյվիդ Սինգլթոն․ ինչպես ստեղծել արդյունավետ աշխատող թիմ (ֆոտոշարք)

Դեյվիդ Սինգլթոն

Օրերս Երևանում տեղի ունեցավ HIVE Engineering Leadership Summit համաժողովը, որին ներկա էին ՏՏ ոլորտի այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք էին Google, Facebook, Prezi և Issuu ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Reddit ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանը:

HIVE համաժողովը ներառում էր դասախոսություններ, ինտերակտիվ աշխատարաններ և հնարավորություն անձնական հանդիպումներ ունենալ խոսնակների հետ: Միջոցառման շրջանակներում ելույթ ունեցավ Google-ի ինժեներական գծով ղեկավար Դեյվիդ Սինգլթոնը (David Singleton), ով ներկաների հետ կիսվեց հաջողակ և արդյունավետ աշխատող թիմ ստեղծելու իր հմտություններով և փորձով։

Ըստ մեծ փորձ ունեցող մասնագետի՝ ամենակարևորն այն է,  որ տեխնոլոգիական ընկերությունում աշխատող թիմի անդամները սիրով անեն իրենց գործը, ինչը կտա սպասվածից մեծ արդյունք։ «Պետք է ուշադրություն դարձնել նաև նրան, որ արտադրանքը, որը ստեղծվում է համատեղ աշխատանքի արդյունքում լինի օգտակար, որակյալ ու օգտագործողներն այնքան ոգևորված լինեն, որ խորհուրդ տան այն իրենց ընկերներին ու ծանոթներին»,-նշեց Դեյվիդը:

Դեյվիդ Սինգլթոն
Դեյվիդ Սինգլթոն

Ղեկավարը պետք է ջանա, որպեսզի թիմի անդամները երջանիկ լինեն իրենց աշխատանքում, հաճույքով կատարեն առաջադրանքները։ Որպես հաջողության գրավական՝ Սինգլթոնը խորհուրդ է տալիս ձևավորել փոքր թիմեր՝ բաղկացած 7±2 անդամներից, քանի որ ինչքան փոքր են թիմերը, այնքան լավ են կարողանում հաղորդակցվել, ավելի արդյունավետ աշխատել, իսկ երբ թիմը մեծանում է, աշխատանքը, որպես կանոն, դանդաղում է։ Այս պարագայում մասնագետը խորհուրդ է տալիս կիսել թիմը մի քանի փոքր թիմերի։

Համաժողովին զուգահեռ Թումո կենտրոնում անցկացվում էր նաև հայկական երաժշտությանը նվիրված հավաք, որը վարում էր Սերժ Թանգյանը։ Միջոցառման ընթացքում հայտնի արվեստագետներն ու կոմպոզիտորները քննարկեցին հայկական երաժշտության նոր մոտեցումներ, որոնք կհաջորդեն ցեղասպանության 100-ամյակին: