LG-ն սկսել է Urbane խելացի ժամացույցների վաճառքը

LG ընկերությունը մեկնարկել է Urbane խելացի ժամացույցի վաճառքը, որը ներկայացվել էր Mobile World Congress (MWC) 2015 ցուցահանդեսին։ ԱՄՆ-ում սարքը վաճառվում է 349 դոլարով։

Ժամացույցը հասանելի է երկու տարբերակով՝ ոսկեգույն և արծաթագույն։ Սարքը պատրաստված է չժանգոտվող մետաղից, գոտին կաշվից է, իսկ էկրանը՝ կլոր։

Բացի այդ՝ LG Urbane-ը վաճառվում է թարմացված Android Wear օպերացիոն համակարգով, որը պարունակում է «միշտ միացված» ռեժիմը։ Վերջինս թույլ է տալիս կոնկրետ հավելվածներ օգտագործելիս վառ պահել էկրանի լույսը։

Էկրանի թույլատրությունը 320×320 է, աշխատում է սարքը Qualcomm Snapdragon 400 պրոցեսորով, որի հաճախականությունը 1,2 ԳՀց է, օպերատիվ հիշողությունը 512 ՄԲ է, իսկ ներքինը՝ 4 ԳԲ։ Մարտկոցը 410 մԱ*ժ է։

Urbane-ն ունի մի քանի սենսորներ՝ գիրոսկոպ, արագաչափ, կողմնացույց, բարոմետր, սրտի աշխատանքի տվիչ։ Սարքը IP67 ստանդարտով պաշտպանված է փոշուց և խոնավությունից։ Չափսերն են՝ 45,5×52,2×10,9 մմ։

Աղբյուրը՝ The Verge