Գործարկվել է «Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոն» բազմալեզու թարգմանիչ ծրագիր

Գործարկվել է «Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոն» բազմալեզու թարգմանիչ ծրագիր

Ապրիլի 29-ին կայացավ ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ իրականացվող «Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոն» (ISMA) բազմալեզու թարգմանիչ ծրագրի շնորհանդեսը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ 6 տարի շարունակ ՀՀ սփյուռքի նախարարությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին կից գործող Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոնի (ISMA) հետ, որը ղեկավարում է պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը: «Իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ վերջին տարիներին, սկսեցինք համագործակցել հատկապես Արևմտյան Հայաստանի մեր հայրենակիցների համար բառարաններ ստեղծելու նպատակով տեխնիկական և ծրագրային հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ»,-նշել է նախարարը։

Ծրագրի հեղինակները մշակել են բառարաններ վարելու նոր ձևաչափ, որը հնարավորություն է ընձեռում մշակել բազմալեզու թարգմանչական, բացատրական բառարաններ: Ներկայումս 14 լեզվով մուտքագրվել է ավելի քան կես միլիոն բառ. 100 հազար՝ արևելահայերեն և նույնքան արևմտահայերեն, 102 հազար՝ ռուսերեն,  120 հազար՝ անգլերեն, 42 հազար՝ թուրքերեն բառեր, ինչպես նաև բառեր ֆրանսերենից, գերմաներենից, թալիշերենից, լեզգիերենից, զազաերենից և այլ լեզուներից:

ՀՀ սփյուռքի նախարարը համոզմունք հայտնեց, որ շուտով պատրաստ կլինի նաև համշենահայերեն-թուրքերեն բառարանը՝ հավելելով. «Բառարաններից գործնականում օգտվելու լավագույն հնարավորություն է նաև բջջային հեռախոսների համար ստեղծված հավելվածը, որը ներբեռնելու դեպքում արևմտահայերեն-թուրքերեն բառարանը հնարավոր է անընդհատ ունենալ ձեռքի տակ»:

Ներկայացնելով Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոնի (ISMA) բազմալեզու թարգմանիչ ծրագրի հնարավորությունները՝ պրոֆեսոր Մանուկյանը նշեց, որ ծրագրի լայն կիրառության և շարունակական ճշգրիտ համալրման համար անհրաժեշտ է որոշակի ֆինանսական ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր աջակցություն:

Էդվարդ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ 6-ամյա մշտական աջակցության համար: «Բայց միայն ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությունը բավարար չէ, պետք է ՀՀ կառավարության համակողմանի օգնությունը ոչ միայն ծրագրի մասին տեղեկատվությունը լայնորեն տարածելու, այլև բառարանները համալրող աշխատակիցներին վարձատրելու համար»:

Թուրքագետ Սարգիս Հացպանյանը շեշտեց, որ մեր պատմական հայրենիքում ապրող բռնի իսլամացված հայերի ինքնության վերականգնման առաջին լծակը հայերեն սովորելն է: «Մայրենի լեզվով Թումանյան, Իսահակյան և Չարենց կարդալով՝ մեր հայրենակիցները կվերագտնեն իրենց ինքնությունը», – նշեց նա:

Բանախոսները շեշտեցին, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նոր հզոր ալիք է թուրք ժողովրդի համար՝ առերեսվելու սեփական պատմության հետ:

Երևանի՝ Վալերի Բրյուսովի անվան ՊԼՀ պրոռեկտոր Ցոլակ Ակոբյանը ներկայացրեց համալսարանի ուսանողության ուժերով բառարանները համալրելու առաջարկություն, որը կենտրոնի ղեկավարն ընդունեց շնորհակալությամբ:

ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը նշեց, որ տեսչությունը համագործակցության հուշագիր է կնքել կենտրոնի հետ, որի շրջանակներում անհրաժեշտ մասնագիտական օգնություն է ցուցաբերվում:

Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի  տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանն ընդգծեց, որ կենտրոնի ստեղծմամբ հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման նոր էջ է բացվել, որը ճիշտ ուղղությամբ զարգացնելու դեպքում արդյունքները երկար սպասեցնել չեն տա:

Օնլայն բառարանը հասանելի է ՝ translator.am հասցեով։

Բաժիններ: Հայաստան