Ինչու պետք է մինչև 13 տարեկան երեխաներին հեռու պահել գաջեթներից

Ինչու պետք է մինչև 13 տարեկան երեխաներին հեռու պահել գաջեթներից

Ծնողների մեծ մասը համոզված է, որ համակարգիչը, պլանշետն ու հեռուստացույցը երեխայի զարգացման իդեալական տարբերակներ են։ Այս հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչ վնասներ կարող են տալ վերոնշյալ սարքերը երեխայի ֆիզիկական ու մտավոր զարգացմանը։

Ամերիկացի հայտնի մանկաբույժ Քրիս Ռոուանը (Cris Rowan) հետազոտել է նոր տեխոնոլոգիաների ազդեցությունը երեխաների զարգացման վրա ու ներկայացրել փաստարկներ, որոնց հետ արժի հաշվի նստել։

Ուղեղի սխալ խթանում

Փոքրիկ երեխայի ուղեղը ծնված օրից մինչև երկու տարեկան երեք անգամ մեծանում է չափսերով և շարունակում աճել մինչև 21 տարեկանը։ Վաղ շրջանում ուղեղի զարգացմանը նպաստում է շրջակա աշխարհը։ Իսկ այս տարիքում երեխայի զարգացումը գաջեթներին վստահելու դեպքում բալիկների մոտ նկատվում են կոգնիտիվ ուշացումներ, բարձր իմպուլսիվություն, ինքնակառավարման ունակության թուլացում։

Դանդաղ զարգացում

Երկար ժամանակ գաջեթներ օգտագործելու դեպքում երեխաները սկսում են քիչ շարժվել։ Արդյունքում տուժում է և՛ ֆիզիկական, և՛ մտավոր զարգացումը։ ԱՄՆ-ում դպրոց ընդունվող ամեն երրորդ երեխան ունի նման խնդիրներ։ Իսկ շարժուն կենսակերպը լավացնում է երեխաների ուշադրությունը, մեծացնում նորը բացահայտելու հակումը և այլն։

Ճարպակալում

Այն երեխաները, որոնք հաճախ են դիտում հեռուստացույց ու զբաղվում համակարգչային խաղերով, 30%-ով ավելի շատ են հակված ավելորդ քաշ ունենալուն։

Անկանոն քուն

ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ծնողների 60%-ը չի հետևում, թե որքան ժամանակ է իր երեխան զբաղվում գաջեթներով, իսկ 25%-ը թույլ է տալիս երեխաներին սարքերով խաղալ քնելուց առաջ։ Էկրանների լույսը խանգարում է քունը, ինչն էլ հանգեցնում է հոգնածության և ազդում առաջադիմության վրա։

Հոգեկան հիվանդություններ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ վիդեոխաղերը, ինտերնետն ու հեռուստատեսությունը վատ են անդրադառնում երեխաների հոգեկան առողջության վրա։ Այսպես, խաղամոլությունը դառնում է դեպրեսիայի, կյանքից դժգոհելու և տագնապների պատճառ։ Ինտերնետն իր հերթին մարդկանց ինքնամփոփ է դարձնում և ֆոբիաներ առաջացնում։

Ագրեսիվություն

Համակարգչային խաղերում ու հեռուստաեթերում ցուցադրվող դաժան տեսարանները մեծ հետք են թողնում երեխաների վրա։ Այժմյան լրատվամիջոցների լրահոսում հիմնականում մի քանի թեմաներ են՝ սպանություններ, սեքս-սկանդալներ, դաժան հանցագործություններ, անարգանք և այլն։ Ընդ որում՝ ազդեցությունն անմիջապես կարող է չերևալ, այլ արտահայտվել ավելի մեծ տարիքում։

Թվային «խելագարություն»

Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ 1-3 տարեկան երեխաների՝ հեռուստացույցով ու այլ գաջեթներով տարվելը 7 տարեկան հասակում կարող է հանգեցնել ուշադրության կենտրոնացման խնդիրների։ Ինֆորմացիայի մեծ հոսքի պատճառով նրանք չեն կարողանում ընկալել ու հիշել։

Կախվածություն

Ինչքան հաճախ են ծնողները ստուգում էլ-փոստը կամ խաղեր խաղում, այնքան ավելի են հեռանում իրենց երեխաներից։ Իսկ ուշադրության պակասը երեխաները սկսում են լրացնել այդ նույն գաջեթներով, արդյունքում առաջանում է «թվային» կախվածություն։

Վնասակար ճառագայթում

2011-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բջջայինների և այլ սարքերի էկրանների ճառագայթումը դասակարգել է որպես պոտենցիալ կանցերոգեն։ Իսկ երեխաներն ավելի զգայուն են բացասական ներգործությունների հանդեպ։

Եզրակացություն 

Որպես վերջաբան կներկայացնենք Քրիս Ռոուենի առաջարկած աղյուսակը, որտեղ նշված է տարբեր տարիքների երեխաների համար գաջեթներով զբաղվելու թույլատրելի ժամաքանակը։

2014-03-06-Screenshot20140306at3.29.09PM

Աղբյուրը՝ huffingtonpost.com

Բաժիններ: Մոբայլ, Սոցիալական