Երևանում անցկացվել է «Թվային դիվանագիտություն. հեռանկարներ և մարտահրավերներ» համաժողովը (տեսանյութ)

Մայիսի 11-ին Երևանում մեկնարկել է ԱԳՆ դիվանագիտական դպրոցի կազմակերպած «Թվային դիվանագիտություն. հեռանկարներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովը։ Գիտաժողովին բացման ելույթով հանդես է եկել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Թվային դիվանագիտությունը, օգտվելով տեխնոլոգիական նվաճումներից և ստեղծած հնարավորություններից, լրացուցիչ հարթակ է ստեղծում դիվանագետների համար՝ իրենց գործառույթները իրականացնելու նպատակով, ինչպես նաև՝ հասարակությունների առջև հաշվետու լինելու գործում: Հրատապ զարգացումներին արագ արձագանքելը և քաղաքացիների՝ գնալով աճող հարցումներին անմիջապես պատասխանելը ներկայումս դառնում են դիվանագիտական ծառայության առաջնային պարտականություններից: Լայնորեն օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները, միաժամանակ, պետք է հաշվի առնենք հասանելի տեղեկատվության զգայունությունը և խորհրդապահական բնույթը, ինչպես նաև՝ միջպետական հարաբերությունների ու մարդկային ճակատագրերի վրա մեր կողմից տրամադրվող տեղեկատվության, արվող հայտարարություննների հնարավոր ազդեցությունը: Հետևաբար, որքան նոր ժամանակները բերում են նոր հնարավորություններ, նրանք նաև առաջ են քաշում նախկինում անհայտ մարտահրավերներ»,-իր ելույթում նշել է նախարարը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ըստ նախարարի, ակտիվորեն գործածում է թվային դիվանագիտության ընձեռած հնարավորությունները, և այս առումով որոշակի արդյունքներ են գրանցվել:

Բացի բավականին հագեցած քառալեզու պաշտոնական կայքից, ՀՀ արտգործնախարարության հաշիվները բավականին ակտիվ են սոցցանցերում։ Նախարարի խոսքով՝ դեռ 2008թ. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պետական գերատեսչություններից առաջինն էր, որ YouTube-ում բացեց իր պաշտոնական ալիքը` տեղադրելով այնտեղ իր գործունեությանն առնչվող տեսանյութեր: «Կրկին առաջինն էր, որ բացեց իր պաշտոնական էջերը Ֆեյսբուքում և Թվիթերում, ինչը մեր գործունեությանը հավելյալ հրապարակայնություն է հաղորդում և, միաժամանակ, հանդիսանում մեր աշխատանքով հետաքրքրվողների հետ հաղորդակցության ինտերակտիվ հարթակ»,-նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Համաժողովին ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը՝ նշելով, որ դպրոցի գործունեության 5 տարիներից հետո դրա շրջանավարտները կազմում են Հայաստանի դիվանագիտական կորպուսի զգալի մասը։

Համաժողովին մասնակցել են շուրջ 25 երկրներից թվային դիվանագիտության ոլորտի առաջատար փորձագետներ, ովքեր քննարկել են թվային դիվանագիտության և դրա զարգացման հետ կապված հարցերը: Համաժողովի անցկացմանը իր աջակցությունն է բերել Եվրոպական միությունը։