Apple-ը հետաձգել է «խելացի» հեռուստացույցների թողարկումը

«Խնձորային կայսրությունը» որոշել է հետաձգել «խելացի» հեռուստացույցների թողարկումն անորոշ ժամանակով։ Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը։

Վաղուց լուրեր էին պտտվում, որ Apple-ը պատրաստվում էր թողարկել ուլտրաբարձր հստակության (3840 × 2160 պիկսել, 4K ձևաչափ) հեռուստացույցներ՝ 55 և 65 դյույմ անկյունագծով։ Սպասվում էր, որ սարքերը կստանան առանց շրջանակի դիզայն, պարզ ու հարմար ինտերֆեյս, ինչպես նաև Apple-ի այլ սարքերի հետ սինքրոնացվելու անլար հնարավորություն։

Ընկերությունը պատրաստվում էր նաև համալրել հեռուստացույցները տեսախցիկով, սենսորներով, որոնք կհետևեին օգտագործողի շարժումներին։

Ըստ աղբյուրի՝ Apple-ը որոշել է հետաձգել հեռուստացույցի հետ կապված իր պլանները, քանի որ 4K-հեռուստացույցների գները շարունակում են իջնել, իսկ մրցակցությունն այս շուկայում շատ մեծ է։

Աղբյուրը՝ The Wall Street Journal