ԻՏՁՄ փոխտնօրեն․ 2018-ին Հայաստանը պետք է լինի աշխարհի 20 ինովացիոն երկրների շարքում

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նպատակ ունի 2018-ին ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը հասցնել 1300-ի, այսինքն՝ ավելացնել 900-ով»,-այս մասին Աղվերանում անցկացվող Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 15-րդ համագումարին ասաց ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը՝ ներկայացնելով ԻՏՁՄ-ի ռազմավարությունն ու նպատակները։

ԻՏՁՄ-ի առաջնային նպատակներից է այն, որ 2018-ին Հայաստանն ընդգրկվի աշխարհի 20 ինովացիոն երկրների շարքում։

Հայկ Չոբանյանը խոսեց նաև 2019-ին ՏՏ ոլորտի ամենամեծ համաշխարհային միջոցառումը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) Հայաստանում անցկացնելու մասին։ «Կոնգրեսի ընթացքում մենք պետք է կարողանանք հստակ ցույց տալ, որ Հայաստանն առանձնանում է իր ներուժով»,-ասաց ԻՏՁՄ փոխտնօրենը։

Նշենք, որ համագումարին մասնակցում են ԻՏՁՄ անդամներ,  ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Զեկույցներից ու քննարկումներից զատ անցկացվելու է նաև ԻՏՁՄ վարչության նախագահի և վարչության ընտրություն: