Գյումրիում բացվեց «Թումո» կենտրոն (ֆոտոշարք)

Այսօր՝ մայիսի 25-ին, Գյումրիում բացվեց «Թումո» կենտրոն, որի ստեղծումը նախաձեռնել է ՀՀ Նախագահը, իրագործել՝ «Շանթ» հեռուստաընկերությունը: Կենտրոնը գործունեության սկզբնական շրջանում կտեղակայվի Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի տարածքում, իսկ հետագայում նախատեսվում է այն տեղափոխել հարևանությամբ գտնվող Գյումրիի թատրոնի (նախկին ժողովրդական տան) շենք, որը ենթակա է հիմնանորոգման և ամրացման: Շրջայցի ժամանակ նախագահին ներկայացրել են, որ տարածքն առայժմ ներառելու է 60 աշխատանքային կետ և կարողանալու է հյուրընկալել 500-ից 1000 ուսանողի:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը արտադպրոցական ուսումնական միջավայր է, որտեղ 12-18 տարեկան պատանիներն ուսանում են սեփական հանձնառությամբ: Առաջին Թումո կենտրոնը («Թումո Երևանը») ստեղծվել է Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից և իր դռներն է բացել աշակերտների համար 2011թ. օգոստոսի 14-ին:

Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» ծրագրի շնորհիվ 2013թ. փետրվարից «Թումոն» գործում է նաև Դիլիջանում (հաճախում է շուրջ 300 պատանի): Ներկայում Ստեփանակերտում ակտիվորեն շինարարական աշխատանքներ են տարվում տեղի «Թումո» կենտրոնի ստեղծման ուղղությամբ: 2015թ-ի սեպտեմբերին պլանավորվում է ավարտին հասցնել շինարարությունը և բացել «Թումոյի» դռները 1000 արցախցի պատանիների առջև («Թումո Ստեփանակերտը» Սիմոնյան կրթական հիմնադրամի և ՀԲԸՄ համատեղ նախագիծն է):