Թողարկվել է Truthly հայկական հավելվածը, որը թույլ կտա անանուն կարծիքներ ստանալ ընկերներից

Հայկական «Սիմփլի Թեքնոլոջիս» ընկերությունը թողարկել է Truthly բջջային հավելվածը, որը թույլ է տալիս մարդկանց անկեղծ կարծիքներ ստանալ ընկերներից. կարծիքներ, որոնք սովորաբար չեն ասում դեմ առ դեմ:

«Հետադարձ կապը (feedback)  արդյունավետ փոփոխության գլխավոր բաղադրիչներից է, այն թույլ է տալիս մարդուն հասկանալ, թե ինչն է իր մոտ լավ և ինչը կարելի է կատարելագործել: Սակայն միշտ չէ, որ հետադարձ կապն իրենից արժեք է ներկայացնում: Արժեքավոր է այն հետադարձ կապը, որը մեզ տալիս են մարդիկ, ովքեր մեզ ճանաչում են և եթե այն տրվում է անկեղծ: Իսկ դրա պակասը մենք այսօր ունենք: Սովորաբար մեզ ասում են ոչ թե այն, ինչ իրականում կա, այլ այն, ինչ մենք ուզում ենք լսել»,-ասում է նախագծի հիմնադիրներից Ալեքսանդր Ադամյանը։

Truthly-ի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն կենտրոնացած է բացառապես հետադարձ կապի վրա: Մարդիկ ստանում են մի միջավայր, որտեղ կարող են առանց կաշկանդվելու կարծիքներ հարցնել ընկերներից:

«Մենք փորձել ենք ստեղծել մի հարթակ, որտեղ հետադարձ կապ խնդրելը ամոթ կամ անսովոր բան չէ։ Հակառակը, մենք ամեն կերպ քաջալերում ենք մարդկանց անել դա: Մարդիկ պետք է հասկանան, որ հետադարձ կապը լավագույն անվճար գործիքներից է ինքնակատարելագործվելու և դեպի ավելի լավը փոխվելու», – ասում է Truthly-ի հիմնադիրներից Հրաչյա Մանուկյանը։

 

Իրականում Truthly-ն օգտակար է բոլոր կողմերի համար էլ: Մարդը, ով ուզում է ինքնակատարելագործվել և տարբեր ոլորտներում արդյունավետ արդյունքների հասնել, կարող է ստանալ շրջապատի մարդկանց խորհուրդները, կարծիքներն ու փորձը: Վերջիններս էլ հնարավորություն են ստանում իրենց ընկերոջն ասել այն, ինչը, միգուցե, երկար ժամանակ է չէին կարողանում ասել դեմ առ դեմ:

Հավելվածն անվճար է և առայժմ թողարկված է միայն iOS հարթակի համար:

«Սիմփլի Թեքնոլոջիս» ընկերությունը հիմնադրվել է Հայաստանում 2010 թվականին: Գործում է ծրագրային ապահովման ոլորտում՝ ստեղծելով/զարգացնելով նախագծեր ամերիկյան և եվրոպական ընկերությունների հետ համատեղ: