Ներկայացվել է Android-ի նոր տարբերակը

Google ընկերությունը մշակողների I/O կոնֆերանսին ներկայացրել է Android օպերացիոն համակարգի նոր տարբերակը, որը կոչվում է Android M: Այն հասանելի է Nexus 5, 6, 9 և Player մոդելների համար։ Մյուս սարքերը կստանան թարմացումը տարվա երրորդ եռամսյակում։

Android M-ը համալրված է App Permissions ֆունկցիայով, որը տեղեկացնում է օգտագործողին այն մասին, թե տվյալ հավելվածն ինչ ֆունկցիաներ է օգտագործելու։

 

Օպերացիոն համակարգը կունենա նաև Chrome դիտարկչի պատուհաններն այլ հավելվածներում ներդնելու հանարավորություն (Chrome custom tabs): Սա թույլ կտա հավելվածի ներսում տեղադրված դիտարկչին հիշել գաղտնաբառերը, ընդ որում՝ ինֆորմացիան գաղտնի է պահվում։

Android M-ն ունի նաև էներգիան տնտեսելու նոր Doze ռեժիմ, որն օգտագործում է շարժման ճանաչման տեխնոլոգիան։ Օրինակ՝ եթե համակարգը հայտնաբերի, որ պլանշետն անշարժ դրված է նույն տեղում, կարող է անջատել միացված ծրագրերը։

Ըստ Google-ի ներկայացուցիչների՝ այս ռեժիմում Nexus 9-ի ավտոնոմ աշխատանքի ժամանակը կրկնապատկվում է։

Google-ի օպերացիոն համակարգում ավելացվել է նաև Android Pay վճարային համակարգ, որով կարելի է վճարումներ կատարել սմարթֆոնի միջոցով (օգտագործվում են NFC և Host Card Emulation ֆունկցիաները)։ Android Pay-ը կաշխատի KitKat և ավելի բարձր տարբերակներում։

Թե ինչպես կբացվի ՕՀ-ի անվանման M տառը պաշտոնական թողարկումից հետո, առայժմ հայտնի չէ։

Աղբյուրը՝ The Verge