Հունիսի 19-20-ը կկայանա ԴիջիԹեք բիզնես ֆորումը

Հունիսի 19-20-ը կկայանա ԴիջիԹեք բիզնես ֆորումը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից կազմակերպվող և ՀՀ վարչապետի աջակցությամբ իրականացվող ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի կանցկացվի հունիսի 19-ին և 20-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում: Ֆորումը տեխնոլոգիական բիզնեսի և տնտեսության այլ բնագավառների միջև երկխոսության միակ հայաստանյան հարթակն է:

ԴիջիԹեք բիզնես ֆորումին կմասնակցեն  հայաստանյան ՏՏ ոլորտի  և բիզնեսի այլ բնագավառները ներկայացնող ընկերությունները, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի կազմակերպությունները: Երկօրյա տեխնոլոգիական ֆորումի ընթացքում տեղի կունենան տեղական և միջազգային փորձի ներկայացումներ, պլենար նիստեր, սեմինարներ և այլ քննարկումներ:

Բիզնես ֆորումում իրենց մասնակցությունն են ունենալու ֆորումի գործընկեր «Ֆորում Բիզնես Կենտոն»-ը, ինչպես նաև «Ամերիա Բանկ», «Արփիար», «Բիզնեսի աջակցման կենտրոն», «Բևեռ կոմպյուտեր», «Երևակ», «ԷԿԵՆԳ», «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ», «Թել-Սելլ», «Ինստիգեյթ», «Ինստիգեյթ Խորհրդատվություն», «Ինստիգեյթ Մոբայլ»,  «Ինստիգեյթ Ռոբոտիքս», «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն», «Լայմ Տեխ», «Լեվիաթան», «Հիբրիդ սոլյուշնս», «Մասիս Տեք», «Մայ քարդ», «Մոնիտիս», «Նայիրի համընկերություն», «Նիկիտա մոբայլ», «ՍՕՍ սիսթեմս», «Սի-Քյու-Ջի», «ՎՕԼՕ», «Օրակլ Արմենիա»  և այլ հեղինակավոր ընկերություններ:

«Տարիներ շարունակ Հայաստանում ՏՏ ոլորտը տարեկան կայուն և տեսանելի աճ է արձանագրում, սակայն որքան էլ ՏՏ ոլորտն առանձին վերցրած աճ ունենա, միևնույն է իրական արդյունքի կհասնի այն դեպքում, երբ հայկական բիզնեսի այլ ճյուղերը և պետական կառավարման համակարգը զգալի չափով սկսեն կիրառել տեխնոլոգիական լուծումներ իրենց գործունեության մեջ»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նշենք նաև, որ այս տարվա բիզնես ֆորումի օրակարգում կլինի նորույթ. առաջին անգամ ֆորումի շրջանակներում կանցկացվի տեխնոլոգիական լուծումներ կիրառող ոչ ՏՏ ոլորտի ընկերությունների մրցանակաբաշխություն: «Դիջիբիզնես» անունը կրող մրցանակը տարբեր անվանակարգերով կշնորհվի այն ընկերություններին, որոնք իրենց գործունեության մեջ հաջողությամբ կիրառում են  առաջատար տեխնոլոգիական լուծումներ:

Բաժիններ: Հայաստան