Վաղը կկայանա «Ոզնի» համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը

Հունիսի 6-ին ժամը 14:00-ին Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում տեղի կունենա «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը։

Մրցույթի նպատակն է բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ նրանց համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը, ստուգելու սեփական կարողությունները:

«Ոզնի-2014» համակարգչային մրցույթի հեղինակ-կազմակերպիչներ են Ռուզան Նիկոյանը (N65 ավագ դպրոց) և Մարիաննա Թովմասյանը (N161 հիմնական դպրոց և N65 ավագ դպրոց)։ Գլխավոր աջակիցն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համատեղ։ Տեղեկատվական աջակիցն է ԿՏԱԿ-ը (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն)։

Այս տարի մրցույթին մասնակցում են 6-9-րդ դասարանների 328 աշակերտներ Երևանի 28 և ՀՀ մարզերի 53 դպրոցներից:

Առաջին անգամ «ՈԶՆԻ» համակարգչային մրցույթն անցկացվեց 2009թ.-ին երկու դպրոցների՝ Լեոյի անվան հ. 65 և Գ. Նժդեհի անան հ. 161 դպրոցների աշակերտների միջև: Հաջորդ տարի մասնակցում էին երևանյան 4 դպրոցներ, 2011թ.-ին մասնակից դպրոցների թիվը 12 էր, մասնակիցների քանակը՝ 87: 2013թ.-ին մրցույթը ստացավ հանրապետական բնույթ՝ ունենալով մասնակիցների աննախադեպ քանակ՝ շուրջ 250 մասնակիցներ Արտաշատից, Աշտարակից, Արարատից, Գեղարքունիքից, Կոտայքից: «ՈԶՆԻ-2014» մասնակիցների ընդհանուր թիվը հասավ 834-ի։ Այս տարի մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել 1000 աշակերտներ, որոնցից եզրափակիչ փուլ է անցել 328-ը։