ՏՏ ոլորտի հայ մասնագետները հաճախ բավարարվում են քիչ գիտելիքներով ու ցածր աշխատավարձով․ Արամ Մխիթարյան

Helix հայաստանյան ընկերությունը, որը շուրջ 10 տարի զբաղվում է վեբկայքերի, վեբհամակարգերի ու բջջային հավելվածների մշակմամբ, դիզայնով և սպասարկմամբ, վերջերս աշխատել է տեղական ու արտասահմանյան մի շարք հետաքրքիր նախագծերի վրա, որոնց մասին ittrend.amի հետ զրուցեց ընկերության հիմնադիր տնօրեն Արամ Մխիթարյանը։ 

Որո՞նք են Helix ընկերության՝ վերջին շրջանում իրականացրած նախագծերը։

– Վերջերս պատրաստել ենք ռուսական justbefit ստարտափի կայքն ու հավելվածները, որոնք նախատեսված են ռուսական շուկայում սպորտային պարապմունքներ ամրագրելու համար։ Համակարգն առանձնահատուկ է նրանով, որ թույլ է տալիս փնտրել ու գտնել տվյալ պահին մոտակայքում անցկացվող պարապմունքները։ Սա թույլ է տալիս մատչելի գներով ամրագրել յոգայի կամ ցանկացած այլ մարզատեսակի պարապմունքներ։ Այսինքն՝ justbefit-ի շնորհիվ օգտագործողները կարող են զերծ մնալ մարզասրահներում ամսական կամ տարեկան բաժանորդագրություն ունենալու պարտադրանքից և ցանկացած ժամանակ գտնել գրպանին հարմար պարապմունք։

Վճարումը կարող է կատարվել օնլայն, կա նաև բոնուսներ վաստակելու հնարավորություն՝ ընկերներին հրավիրելու կամ համակարգից հաճախակի օգտվելու դեպքում։ Ծրագրի ծառայությունները մատուցվում են անվճար, իսկ պարապմունքների գները համապատասխանում են մարզասրահում գործող գներին։ justbefit-ը, կայքից բացի, ունի նաև iOS և Android մոբայլ հավելվածներ։

Վերջին շրջանում թողարկել ենք նաև Հանրային հեռուստատեսության iOS, Android, ինչպես նաև  Samsung Smart TV-ի համար նախատեսված հավելվածները:

Ո՞ր աշխատանքի շնորհիվ է Helix-ը մեծ ճանաչման հասել։

– Մեր ամենամեծ հաջողության պատմություններից է Delivery Club սննդի առաքման պատվերների միասնական համակարգը, որը պատրաստել և զարգացրել ենք 2009-2014 թվականներին և որը մեծ ճանաչում ունի ռուսական շուկայում։ 2014-ին համակարգը գնվեց FoodPanda գերմանական ընկերության կողմից, որը հիմնադրվել է 2012-ի մայիսին, արդեն գործում է ավելի քան 40 երկրներում՝ համագործակցելով 45,000 ռեստորանների հետ և ամբողջ աշխարհում ունի ավելի քան 1,000 աշխատակից։

Այլ ի՞նչ հետաքրքիր նախագծերի վրա է աշխատում ընկերությունը։

-Այժմ մշակում ենք «Купи по фото» ծառայությունը, որը թույլ է տալիս կապել գնորդներին վաճառողներին հետ․ էությունը հետևյալն է՝ օգտատերերը տեղադրում են որևէ ապրանքի լուսանկար, իսկ վաճառողներն առաջարկում են գնել լուսանկարում պատկերված նույն կամ նմանատիպ ապրանքներ։

Helix-ը նաև մասնագիտացած է էլեկտրոնային կառավարման ասպարեզում և պատրաստել է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման e-gov.am պորտալը, որը միշտ համալրվում է նոր մոդուլներով։ Օրինակ՝ մի քանի օր առաջ կայքում ավելացվել է գնումների բողոքարկման նիստերին օնլայն հետևելու հնարավորություն։

Այս պահին աշխատում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տաքսիների լիցենզավորման և հսկողության իրականացման համակարգի վրա, որը թույլ կտա ավտոմատացնել պետական մարմնի աշխատանքն ու վերահսկել տաքսիների գործունեությունը։ Նախարարության տեսուչները կկարողանան Android-պլանշետների համար նախատեսված հատուկ հավելվածի միջոցով արագ արձագանքել խախտումներին՝  նշել ոչ լիցենզավորված տրանսպորտային միջոցի, ոչ համապատասխան կահավորման և այլ խախտումների մասին։

Ներկայումս ի՞նչ խնդիրներ ունի ընկերությունը։

-Այս պահին, թերևս, միակ խնդիրն աշխատուժի պակասն է, ընկերությունը շատ մեծ դժվարությամբ է գտնում շուկայում ամենամեծ պահանջարկ ունեցող iOS ծրագրավորողներ։ Պահանջված մասնագետներից են նաև UI/UX դիզայներներն ու վեբ ծրագրավորողները։ Քանի որ շուկայում վերոնշյալ մասնագետները քիչ են, նախընտրում ենք աշխատանքի վերցնել ընդունակ կրտսեր ծրագրավորողների, ովքեր ժամանակի ընթացքում հմտանում են և մասնագիտանում։

DSC_0374 copy

Ինչի՞ն եք ուշադրություն դարձնում նոր աշխատակիցներ ներգրավելիս։

– Քանի որ շուկայում կա մասնագիտական որակավորման պակաս և քանի որ չունենք բուհեր, որոնք պատրաստում են պահանջվող որակավորմամբ մասնագետներ, մենք նոր կադրեր ներգրավելիս ավելի շատ ուշադրություն ենք դարձնում մարդկային հատկանիշներին, սովորելու, աճելու ունակությանը, պատասխանատվությանը, ու, ցավոք, կարող եմ նշել, որ երիտասարդների մոտ սովորելու, աճելու ցանկության պակաս կա․ մեծ մասը բավարարվում է քիչ գիտելիքներով ու ցածր աշխատավարձերով՝ նախընտրելով ավելի հանգիստ պայմաններում աշխատել։

Ասացիք, որ բուհերն այսօր չեն պատրաստում շուկայական պահանջներին համապատասխան մասնագետ որպես ոլորտի մասնագետ՝ ինչ կառաջարկեք այս խնդիրը լուծելու համար։

– Հայաստանյան ՏՏ ոլորտն այս պահին ունի 2000 մասնագետների պակաս: Ես կառաջարկեի բուհերի դասավանդման պրոցեսում ներգրավել ոլորտում աշխատող փորձառու մասնագետներին, որոնք ոչ միայն կդասավանդեն, այլև կուղորդեն ուսանողներին ճիշտ ուղղությամբ։ Ոչ մի բուհ ֆինանսապես չի կարող բավարարել ոլորտի մասնագետներին, սակայն սա կարող է հետաքրքիր լինել ՏՏ ընկերության ներկայացուցիչների համար՝ անմիջապես բուհից կադրեր ընտրելու հնարավորության դեպքում։ Ժամանակին նման պրակտիկա կար, սակայն որոշ բուհեր պահանջ դրեցին, որ բոլոր դասախոսներն ունենան գիտական թեկնածության աստիճան, և ոլորտի շատ լավ մասնագետներ զրկվեցին դասավանդելու հնարավորությունից։

Բուհերում մեծ խնդիր է նաև հնացած կրթական ծրագիրը: Պարզ օրինակ՝ Հայաստանում ծրագրավորման ամենամեծ պահանջարկ ունեցող լեզուներից են PHP-ն, Objective C-ին, սակայն ոչ մի բուհ չի պատրաստում այս լեզուներին տիրապետող մասնագետ։ Այդ իսկ պատճառով նոր կադրեր ներգրավելիս ուշադրություն չենք դարձնում մասնագիտական դիպլոմի առկայությանը։

Իսկ արտաքին շուկայում ի՞նչ խնդիրների եք հանդիպում։

– Արտերկրի պատվիրատուները չեն պատկերացնում հայաստանյան մասնագետների պրոֆեսիոնալության մակարդակը։ Շատ դեպքերում նրանք մտածում են, որ ցածր որակի մասնագետների հետ են աշխատում։ Որոշ ժամանակ անց են հասկանում, որ գործ ունեն մեծ փորձ ունեցող մասնագետների հետ։