Հայկական CityBugs ստարտափը դարձել է World Summit Youth Award-ի հաղթող

Հունիսի 15-ից Բրազիլիայում ընթանում է The World Summit Youth Award (WSYA) միջազգային հեղինակավոր մրցույթի եզրափակիչը, որի հաղթողներից է դարձել հայկական CityBugs ստարտափը։ Այս մասին ittrend.am-ին ասաց ստարտափի համահիմնադիր Հովհաննես Աղաջանյանը։ CityBugs-ը հաղթել է «Ստեղծիր քո մշակույթը» կատեգորիայում։ Ընդհանուր առմամբ մրցույթն ունեցել է 6 անվանակարգ։

WSYA-ն ամենամյա մրցույթ է, որի նպատակն է մեկ հարկի տակ հավաքել երիտասարդ (30 տարեկանը չլրացած) ծրագրավորողների ու ձեռնարկատերերի, ովքեր, օգտագործելով ինտերնետային ու բջջային տեխնոլոգիաները, ստեղծում են հանրօգուտ լուծումներ։

Այս տարի մրցույթին ներկայացվել է ավելի քան 2000 նախագիծ 140 երկրներից, որոնցից, Հ․Աղաջանյանի խոսքով, հաղթող է ճանաչվել 18-ը։

CityBugs -ը հարթակ է, որտեղ քաղաքացին կարող է բարձրաձայնել կոմունալ և այլ խնդիրների մասին, առաջարկություններ անել քաղաքի բարեկարգման համար, ներդնել լուման քաղաքի բարեկարգման հարցում, հետևել և մասնակցել քաղաքի խնդիրների լուծմանը:

Կայքը նպատակ ունի տեսանելի դարձնելու բարեփոխումները քաղաքաշինության ոլորտում, բարելավելու պետական մարմինների հետադարձ կապը հասարակության հետ, բարձրացնելու բնակչության իրազեկության մակարդակը կոմունալ եւ այլ խնդիրների վերաբերյալ: Այն հնարավորություն է տալիս ոչ միայն հայտնել խնդրի մասին, այլեւ հայտնել առաջարկություն՝ այդ խնդրի կարգավորման համար:  Բացի կայքից՝ CityBugs-ն ունի նաև iOS  և Android հավելվածներ։ Նշենք, որ նախագիծը ստեղծվել է X-TECH ընկերության կողմից:

Թե ինչպես է աշխատում CityBugs-ը, դիտեք այս տեսանյութում․