ԴիջիԹեք բիզնես ֆորումին կմասնակցի ավելի քան 60 ընկերություն

ԴիջիԹեք բիզնես ֆորումին կմասնակցի ավելի քան 60 ընկերություն

Հունիսի 19-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում կմեկնարկի 8-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Երկօրյա ֆորումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:

DSC_0239

ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ ԴիջիԹեք բիզնես ֆորումն առանձնակի կարևոր միջոցառում է: «Այն մի հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Ֆորումի շրջանակներում ՏՏ ընկերությունները ներկայացնում են իրենց կողմից առաջարկվող տեխնոլոգիական լուծումները, միաժամանակ ծանոթանում բիզնես ոլորտի կարիքներին»,-ասաց նա:

Խոսելով այն մասին, որ ՏՏ լուծումները դժվարությամբ մուտք գործում տնտեսության այլ ոլորտներ, ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանն առանձնացրեց երեք հիմնական պատճառ. «Առաջինը՝ տեխնոլոգիաների ներդրումը պահանջում է որոշակի ռիսկեր, ուստի որոշ ընկերություններ, ռիսկերը գնահատելով, զգուշավոր են մոտենում ՏՏ ներդրումներին: Բացի այդ՝ ոչ բոլոր ընկերություններն են պատրաստ ներդրումներ կատարել: Երրորդ և հիմնական պատճառը՝ դա էլեկտրոնային գրագիտության պակասն է, որը մեր երկրում, ցավոք, արդիական է: Նույնիսկ շրջանավարտներն ուսուցման ընթացքում համապաստասխան գրագիտություն ձեռք չեն բերում և ընտրում են վերապատրաստման ճանապարհը»:

Արդեն երկրորդ տարին է, ինչ Կոնվերս բանկը հովանավորում է բիզնես ֆորումը: «Անցյալ տարի Կոնվերս բանկը ներկայացնում էր Հայաստանում առաջին անգամ կիրառվող մոբայլ բենքինգի և մոբայլ առևտրի լուծումները: Այս տարի մենք արդեն կներկայացնենք այդ լուծումներիի առաջընթացը», – ասաց Կոնվերս բանկի Ռազմավարական և բիզնես զարգազման վարչության պետ Րաֆֆի Քասարջյանը:

Տեխնոլոգիական ֆորումին մասնակցում են ավելի քան 60 ընկերություններ՝ ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ բնագավառներից, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի կազմակերպություններ: Մասնավորապես՝ միջոցառման հովանավոր «Կոնվերս բանկ», գործընկերներ «Բիզնես ֆորում կենտրոն», «Ռոսգոսստրախ Արմենիա», «VX Soft», տեխնիկական գործընկեր «Բիլայն», ինչպես նաև ՀՀ Առողջապահության, Արդարադատության և Ֆինանսների նախարարություններ, ՀՀ Կենտրոնական բանկ, «Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «ԱյՅուՆեթվորքս», «Ինստիգեյթ», «Օրակլ Արմենիա», «Սիքյուջի», «Լայմ Տեխ», «ԷԿԵՆԳ», «Գրանթ Թորնթոն», «Էլեկտրոնային կառավարում. Էստոնիա», «Նասդաք Օէմէքս Արմենիա», «Յուքոմ», «Յունիդո» (ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն), «Բրիտանական խորհուրդ», «Հայաստանի ամերիկյան համալսարան» և այլ ընկերություններ: Նախատեսվում է, որ մինչ ֆորումի մեկնարկն ընկերությունների թիվը կհասնի 70-ի, իսկ այցելությունների թիվը կհասնի 3000-ի:

Բիզնես ֆորումը ներառում է ցուցահանդեսային մաս և մասնագիտական քննարկումներ հետևյալ թեմաներով՝

Բիզնեսի աջակցման ծառայություններ ՏՏ ոլորտի համար
Տեխնոլոգիական լուծումներ ֆինանսաբանկային ոլորտի համար
Էլեկտրոնային կառավարում
Տեխնոլոգիաները կանաչ տնտեսության համար
Տեխնոլոգիական գյուղատնտեսության ոլորտի համար
ՏՀՏ և նորարարական տեխնոլոգիաները բժշկության և առողջապահության ոլորտում
Կիբերանվտանգություն

Ի դեպ, այս տարի տեխնոլոգիական լուծումներ կիրառող ոչ ՏՏ ոլորտի 10 ընկերությունների անակնկալ է սպասվում: Հունիսի 20-ին առաջին անգամ ֆորումի շրջանակներում տեղի կունենա մրցանակաբաշխություն: «Դիջիբիզնես» անունը կրող մրցանակը տարբեր անվանակարգերով կշնորհվի այն ընկերություններին, որոնք իրենց գործունեության մեջ հաջողությամբ կիրառում են առաջատար տեխնոլոգիական լուծումներ:

Բաժիններ: Հայաստան