Շուտով վճարային տերմինալներով հնարավոր կլինի սպառողական վարկեր ձևակերպել

Շուտով վճարային տերմինալներով հնարավոր կլինի սպառողական վարկեր ձևակերպել

Շուտով «Թել-Սել» տերմինալներով հնարավոր կլինի տեղում ձևակերպել մանր սպառողական վարկեր։ Այս մասին ԴիջիԹեք բիզնես ֆորումին ասաց «Թել-Սել» ընկերության ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը։ «Սարքը տեղում կսկանավորի անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ բանկային ծրագիրը կվերլուծի դրանք՝ տալով դրական կամ բացասական պատասխան»,-ասաց ընկերության ներկայացուցիչը։

Խաչատրյանի խոսքով՝  նման հնարավորություն արդեն գործում է Ռուսաստանում։ Ընկերության կողմից ներկայացվեցին նաև ֆինանսաբանկային ոլորտի համար նախատեսված համագործակցության այլ ուղղություններ․ մասնավորապես, ընկերությունը համագործակցում է Հայկական Ծրագրերի հետ, ինչը հեշտացնում է բանկերի հետ աշխատանքը, իսկ օգտագործողների համար դյուրացնում վարկերի մարման, հաշիվների համալրման գործընթացը։ Ընկերությունն այժմ ինտեգրման աշխատանքներ է իրականացնում նաև Լայթ Սոֆթ ընկերության հետ։

Հիշեցնենք, որ «Թել-Սել»-ը հիմնադրվել է 2007թ.  և այսօր Հայաստանում տերմինալների միջոցով վճարումների ընդունման ամենախոշոր համակարգն է՝ մայրաքաղաքի և հանրապետության շատ շրջկենտրոնների ընդգրկմամբ:

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում շարունակվում է ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որին մասնակցում են ավելի քան 60 ընկերություններ՝ ներկայացնելով բիզնեսի համար նախատեսված տեխնոլոգիական լուծումներ։

 

Բաժիններ: Ինովացիա, Հայաստան