HELTUN ընկերությունը ներկայացրեց «Խելացի տուն» համակարգը

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում շարունակվում է ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որին մասնակցում են ավելի քան 60 ընկերություններ՝ ներկայացնելով բիզնեսի համար նախատեսված տեխնոլոգիական լուծումներ։ Ֆորումի մասնակից HELTUN (նախկինում՝ Revotech) հայկական  ընկերությունը ներկայացրեց իր մշակած «Խելացի տուն» համակարգը, որը թույլ է տալիս ավտոմատացնել տանը տեղադրված տեխնիկան, լուսավորությունը, օդի ջերմաստիճանը, անվտանգության լուծումները, դռները, դարպասները և նույնիսկ վարագույրներն ու աուդիո-վիդեո համակարգերը։

Տան ներսում մուտքի կառավարումն իրականացվում է մատնահետքի, դեմքի ճանաչմամբ, ինչպես նաև մագնիսական քարտերի, չիպերի միջոցով։ Ընկերության տնօրեն Աշոտ Մաշուրյանի խոսքով՝ համակարգը հնարավոր է կառավարել հեռակա՝ պլանշետի, սմարթֆոնի կամ PC-ի միջոցով։ Կա նաև SMS-հաղորդագրությամբ պրոցեսները կառավարելու հնարավորություն։

«Համակարգը թույլ է տալիս կոմունալ ծախսերը զգալիորեն կրճատել․ օրինակ, եթե դուք օրվա մեծ մասը տանը չեք, ապա կարող եք սահմանել այնպիսի ռեժիմ, որ ջեռուցումը միանա աշխատանքից վերադառնալուց մի ժամ առաջ»,-նշեց Ա․Մաշուրյանը։

Տնօրենի խոսքով՝ 3-սենյականոց բնակարանի դեպքում համակարգի տեղադրումը կարժենա 3000-6000 ԱՄՆ դոլար, իսկ քոթեջի դեպքում՝ 6000-10000։ Ավելի մեծ շինությունների դեպքում գինը կախված է փաթեթից։