Այսօր ստորագրվել է «․հայ» դոմենային գոտու պաշտոնական գործարկման մասին համաձայնագիրը

ICANN միջազգային կազմակերպության ղեկավար Ֆադի Շահեդեի ու Ինտերնետ Հանրություն հկ նախագահ Իգոր Մկրտումյանի միջև այսօր Բուենոս Այրեսում ստորագրվել է «․հայ» դոմենային գոտու պաշտոնական գործարկման մասին համաձայնագիր։ Այս մասին  ittrend.am-ին ասաց ստորագրման արարողությանը ներկա Ինտերնետ Հանրություն հկ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը։ «ICANN-ն ավարտին է հասցրել Ինտերնետ Հանրություն հկ-ի հետ տարվող բոլոր անհրաժեշտ բանակցությունները, տեխնիկական, լեզվաբանական համաձայնեցումները, փաստաթղթերի հավաքը: Այսօր արդեն «.հայ» դոմենային գոտում հնարավոր է գրանցել անուններ, սակայն սկզբնական շրջանում անհրաժեշտ է ապահովել ապրանքանիշերի իրավատերերի շահերը: Դրա համար նախատեսված է միջանկյալ ժամանակաշրջան, երբ հավաքագրվելու են ապրանքանիշերի կողմից ներկայացված հայտերը: Ակնկալում ենք 3-5 ամիս ժամանակ տրամադրել հավաքագրման համար: Այդ ժամանակահատվածից հետո կսկսվի ազատ գրանցումը»,-մանրամասնեց Գ․Սաղյանը։

Ստորագրմանը ներկա են եղել նաև ICANN-ի փոխնախագահ Միխայիլ Յակուշևը, ICANN-ի ասիա-խաղաղօվկիանոսյան ստորաբաժանման ղեկավար Սիրանուշ Վարդանյանը (Հայաստանը ֆորմալ առումով ասիա-խաղաղօվկիանոսյան երկրների շարքում է՝ ըստ ICANN-ի տարածքային բաժանման), Լավտիայի Country Code Top Level Domain-ի (ccTLD) ղեկավար Կատրինա Սատակին, .ru դոմենային գոտու պատասխանատու RU-Center ընկերության ղեկավար Անդրեյ Կոլեսնիկովը և  ICANN-ի աշխատակազմի անդամ Բարտ Բոսվինկելը։

Ըստ Ինտերնետ Հանրություն հկ փոխնախագահի՝ ապրանքանիշների գրանցումը կմեկնարկի շատ շուտով, սակայն անհրաժեշտ է նաև հաշվի առնել այն, որ այժմ արձակուրդային շրջան է։ «Հայատառ դոմենային գոտում հասցե ունենալը կարժենա այնքան, որքան «․am» գոտում, սակայն դեր կխաղա նաև մրցակցությունը, բացի այդ՝  գրանցում իրականացնող ընկերություններն իրենց ծախսերը ծածկելու համար կարող են սահմանել ցանկացած գին»,-ավելացրեց Գ․Սաղյանը:

Նշենք, որ ICANN–ը միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որը կարգավորում է աշխարհում ինտերնետ հասցեների դոմենային կառուցվածքի, դոմենային անունների, IP-հասցեների և ցանցի գոյության մեծ թվով այլ ասպեկտների հետ այս կամ այն կերպ կապ ունեցող բոլոր հարցերը։